Մարտի 25-ին դանակով ՀՀ Խորհրդարանի բակ ներխուժած Վրեժ Գալստյանը կարող է տեղափոխվել հոգեբուժական դիսպանսեր և ազատվել պատժից, գրում է ՙԺողովուրդ՚ թերթը:
Ինչպես թերթին հաղորդել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի վարչության ղեկավար Գոռ Գլեչյանը, ներկայումս հրազենային վնասվածք ստացած Վրեժ Գալստյանի բուժումը շարունակվում է: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Թերթը գրում է, որ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա ազատազրկումը, և նա տեղափոխվել է ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկություն: Սակայն, եթե փորձագիտությամբ հաստատվի, որ Գալստյանն ունի հոգեբանկան շեղումներ, ապա նրան կտեղափոխեն հոգեբուժարան, և նա կազատվի պատժից: