Թուրքիայում առկա իրավիճակը ողջ իսլամական աշխարհում շարունակվող գործընթացների արտացոլումն է: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով վերջին բախումները հարևան Թուրքիայում:
ՙԴրանք բավականին լուրջ և մասշտաբային գործընթացներ են, սակայն առայժմ հասկանալի չէ, թե արդյոք դա կընդունի կազմակերպված բնույթ: Առայժմ հասկանալի չէ նաև պետական կառույցների, բանակի դիրքորոշումն այդ գործընթացների նկատմամբ՚, - ընդգծել է փորձագետը:
Սարգսյանի ասելով, իհարկե, եթե իրավիճակը բարդանա, ապա վճռական դեր կխաղա բանակի դիրքորոշումը: ՙԵթե բանակը սատարի գործող վարչակազմին, ապա դա նման կլինի Սիրիայի իրավիճակին, իսկ եթե բանակը պաշտպանի ժողովրդին, ապա գործընթացը կգնա բոլորովին այլ հունով` Թունիսի օրինակով՚, - նկատել է նա:
Միևնույն ժամանակ, Սարգսյանի կարծիքով, երկրի ներքաղաքական իրավիճակն, անկասկած, կանդրադառնա արտաքին քաղաքականության վրա, սակայն, այնուամենայնիվ, քանի դեռ չի որոշվել ժողովրդական շարժման հետագա ձևը, վաղ է խոսել այն մասին, թե դա ինչպես կանդրադառնա Սիրիայի իրավիճակի վրա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մի քանի օր շարունակ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ստամբուլի Թաքսիմի շրջանում Գեզի զբոսայգու ծառահատման և դրա տեղում առևտրի-զվարճալիքների համալիր կառուցելու իշխանությունների որոշման` համանուն հրապարակի վերակառուցման շրջանակում: Ակցիայի մասնակիցներին սատարել են Թուրքիայի գավառների կեսը և եվրոպայաբնակ թուրքերը: Անկարայում ցուցարարները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարական: ԼԶՄ-ները հաղորդում են, որ անկարգությունների ժամանակ վիրավորվել է 536 մարդ, 2,3 հազարից ավելին` ձերբակալվել: