Հայաստանի հիվանդանոցները տնտեսում են պետպատվերի միջոցները և մեծ շահույթ ստանում հիվանդների հաշվին: Այդպիսի եզրակացության է հանգել Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը նախորդ տարվա ստուգումների արդյունքում:
Տեսչության պետ Սոնա Ղարիբյանը հունիսի 18-ին մամուլի ասուլիսում հաղորդել է, որ պետպատվերի միջոցների օգտագործման շրջանակում այս կամ այն չափի խախտումներ են հայտնաբերվել, գործնականում, հանրապետության բոլոր հիվանդանոցներում: Նա նշել է, որ պետպատվերի միջոցների բաշխման եղանակներն ունեն բազմաթիվ թերություններ և սողանցքներ:
Նրա հավաստմամբ, բոլոր հիվանդանոցներում պետպատվերը ներառում է սնվելու արժեքը, մինչդեռ իրականում ընդամենը 2-3 հիվանդանոց է հիվանդներին կերակրում: Հիվանդանոցները մեծ շահույթ են ստանում նաև հիվանդների բուժման ժամկետներից: Եթե, օրինակ, պետպատվերի շրջանակում տուբերկուլյոզով հիվանդներին հարկավոր է բուժել 50 օր, ապա հիվանդանոցներում նրանց պահում են 40 օրից ոչ ավելի, ասել է Ղարիբյանը: