Արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանի
ղեկավարությունն այլևս խուսավարելու հնարավորություն չունի, և դա պայմանավորված է,
առավելապես, օբյեկտիվ գործոններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Նոր
ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
«Աշխարհը գնում է լուրջ
դիմակայության ուժի առաջատար կենտրոնների միջև, և այդ շրջապտույտում Հայաստանն
ստիպված է լինելու հստակ ընտրություն կատարել: Դժբախտաբար, երկրի
իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, մինչև վերջ չեն գիտակցում դա, ինչի վառ
ապացույցն է «և, և» քաղաքականության մասին անվերջ արտահայտությունները, որոնք
կրկնվում են յուրաքանչյուր հարմար առիթի
դեպքում: Դա քաղաքական անհեռատեսություն է` մեղմ ասած: Դա անախրոնիզմ է, և հին
ձայնապնակը վաղուց հարկավոր է փոխել», - կարծում է Կարապետյանը:
Նրա ասելով, թեև Երևանն
արդեն հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մտադրության
մասին, այդուհանդերձ, երկրի իշխանությունները մինչև վերջ չեն կողմնորոշվել այդ
ընտրության առնչությամբ: «Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ
Թուրքիան և Ադրբեջանը գործուն կերպով փորձում են տորպեդահարել ԵԱՏՄ-ին ՀՀ
անդամակցումը: Դրան հարկավոր է ուշադրություն դարձնել, դրա դեմ հարկավոր է
պայքարել», - ընդգծել է քաղաքական գործիչը, հավելելով, որ Հայաստանի
ընդդիմությունը նույնպես ի զորու չէ որակապես նոր մեխանիզմներ առաջարկել նշված
մարտահրավերներին դիմակայելու համար: Այդ համատեքստում Կարապետյանն ընդգծել է, որ
ոչ իշխանական քառյակի հրապարակած փաստաթղթում, որը բաղկացած է 12 կետից,
ուշադրության արժանի քաղաքական որևէ բան չկա: «Ընդդիմության առաջարկած քայլերը մեզ
հարկավոր են, սակայն իրենց կարևորությամբ դրանք մեծապես հետ են մնում այն արտաքին
մարտահրավերներից, որոնց մենք սկսում ենք բախվել», - ամփոփել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ոչ իշխանական քառյակը /ՙԺառանգություն՚, Հայ ազգային կոնգրես, ՀՅԴ, ՙԲարգավաճ Հայաստան՚/ հունիսի 10-ին հրապարակել է հանրապետությունում իրավիճակի առողջացմանն ուղղված իր 12 կետերը: Որպես առաջին քայլ`քառյակն առաջարկում է հրաժարվել պարտադիր կուտակային համակարգից: Այնուհետև առաջարկում են վերանայել տեսանկարահանող, լուսանկարահանող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը. տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը: Քառյակը պահանջում է առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Նրանք նաև պահանջում են կրկնապատկել գյուղմթերքների արտադրությունը, գյուղատնտեսությանը տված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Քառյակը պահանջում է հաստատել ՙՆաիրիտ՚ գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատակիցների` աշխատավարձերի գծով կուտակված պարտքը: Քառյակի ներկայացուցիչները պահանջում են հրաժարվել Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման ծրագրից: Նրանք նաև պահանջում են հրաժարվել հասարակական տրանսպորտով երթևեկության սակագների բարձրացման գաղափարից: Փաստաթղթում կոչ է արվում նաև ընդունել տնտեսական մենաշնորհների առկայությունն արգելող օրենսդրություն: Քառյակը նաև պահանջում է կատարել ՙԸնտրական օրենսգրքի՚ փոփոխություններ, որոնցով սահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:Նրանք պահանջում են նաև ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների տրամադրում: Վերջում պահանջվում է չստորագրել Լեռնային Ղարաբաղի շահերին հակասող որևէ փաստաթուղթ: