Մինչև 2015 թ. սեպտեմբերի 21-ը Հայաստանում իշխանափոխություն պետք չէ սպասել, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԱզգային անվտանգություն՚ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը`ըստ որում, չցանկանալով պատասխանել այն հարցին, թե ինչու է նշել հենց այդ ամսաթիվը, լրագրողներին առաջարկելով համբերությամբ զինվել:
ՙՄիայն առաջին հայացքից է երկրում ալեկոծվում քաղաքական կյանքը, բայց իրականում ամեն ինչ հանգիստ է և չի կարող որևէ ցնցման հանգեցնել: Եվ եթե երկու տարվա ընթացքում հեղափոխություն չսկսվի ներքևից, վերևից այն ընդհանրապես չի լինի՚,- նշել է քաղաքական գործիչը:
Նա նաև ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և ՙԺառանգություն՚ կուսակցության շարժումը չի կարող նախագահին ստիպել հրաժարական տալ: ՙՆկատի ունենալով ապրիլի 9-ի իրադարձությունները`կարելի է փաստել, որ Հովհաննիսյանի շարժումն աստիճանաբար մարում է, քանի որ իրականում այդ օրը ժողովրդին առաջնորդում էր ոչ թե նա, այլ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՚,- հայտարարել է Իսագուլյանը: Նա նաև ընդգծել է, որ հենց Գասպարյանի շնորհիվ լուրջ բախում տեղի չունեցավ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև, հենց դա կանխեց 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների կրկնությունը: