Բաքու այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել լուծել իր երկու հիմնական խնդիրները, մասնավորապես, Ադրբեջանին ներքաշել իր ինտեգրացիոն նախագծերի մեջ, ինչպես նաև ստիպել Ադրբեջանին հրաժարվել Ռուսաստանի շրջանցմամբ դեպի Եվրոպա էներգակիրների փոխադրումից: Այսօր մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:
Նա ավելացրել է, որ Ադրբեջանն այժմ Մոսկվայի հետ վարվում է ինչպես իրեն հավասար գործընկերոջ հետ և մտադիր չէ հրաժարվել իր ինքնիշխանության կարևոր տարրերից, ինչպիսին է, տվյալ դեպքում, անդամակցումը վերազգային կառույցներին (Մաքսային միությանը - խմբ.) և հրաժարվելը դեպի Եվրոպա էներգառեսուրսների արտահանումից:
ՙԱնշուշտ, ստորագրվել են որոշ փաստաթղթեր էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շուրջ, սակայն հիմնական նպատակներին Մոսկվան չի հասել:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանն այսուհետև էլ կմնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում, համապատասխանաբար, չի փոխվել և չի փոխվի Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, ինչի վկայությունն է Պուտինի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան խնդիրը հարկավոր է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՚, - ասել է Գրգորյանը: Այդ համատեքստում քաղաքագետը նաև համոզմունք է հայտնել, որ տեսանելի ապագայում ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ, կարգավորման արագացված գործընթաց չի նախատեսվում: