Թուրքիան շուտով կարող է բացել Հայաստանի հետ սահմանը:
Այդ մասին ասվում է «Գոլոս Ռոսիի» ռադոկայանի կայքում հրապարակված հոդվածում:
Վկայակոչելով թուրքական «Աքշամ» օրաթերթը` հրապարակման հեղինակը նշում է, որ ԵՄ ֆինանսական աջակցությամբ Թուրքիան մտադիր է ժամանակակից անցակետեր բացել Հայաստանի և Իրանի հետ սահմանին։ Երկրի արևելյան սահմանամերձ գոտիներում սկսվել են ականազերծման աշխատանքներ։ Նախագիծն, ընդհանուր առմամբ,
կարժենա 52 մլն եվրո։ Միաժամանակ արդիականացման աշխատանքներ են տարվում հայ-վրացական սահմանում:
Թուրքիա-Հայաստան-Վրաստան ուղեգծով ճանապարհը
կարող է դառնալ բանուկ, քանի որ Բրյուսելը հենց այնպես փողերը քամուն չի տալիս,
թեև Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պաշտոնապես դեռ փակ է, և երկու երկրների
միջև վերականգնված չեն դիվանագիտական հարաբերությունները:
Ինչպես հայտնի է, 2009 թվականի հոկտեմբերին
Անկարան և Երևանը ստորագրեցին ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում
էին երկրների միջև հարաբերությունների կարգավորում: Սակայն Բաքվի ճնշման ներքո Անկարան հրաժարվեց վավերացնել այդ փաստաթղթերը, դրանք փոխկապակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, ինչն այդ
արձանագրություններում նախատեսված չէ: Այդուհանդերձ, երկու երկրների փոխհարաբերություններում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ։
Հեղինակը կարծում է, որ Հարավային Կովկասում
ստեղծվում են նոր աշխարհաքաղաքական իրողություններ: Առկա է Մաքսային միությանը,
իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթաց:
Այդ պատճառով Հայաստանի հետ սահմանը Թուրքիայի համար ձեռք է բերում Եվրասիական
տնտեսական միության հետ սահմանի կարգավիճակ:
«Բացի
այդ, ինչպես գրում է Today's Zaman-ը, Իրանի և «վեցյակի» միջև միջուկային
դոսիեի շուրջ պայմանավորվածության ձեռք բերումից հետո ակնհայտ դարձավ, որ Թեհրանը
դուրս է բերվում միջազգային մեկուսացումից և վերածվում է նկատելի խաղացողի
տարածաշրջանում: Հայաստանի հետ ունենալով հաստատուն առևտրատնտեսական և քաղաքական
կապեր` Իրանը Հայաստանի միջոցով ուղիղ ելք է ստանում դեպի ՄՄ, ինչ առայժմ չունի
Թուրքիան: Ուստի, եթե ավելի վաղ Հայաստանի հետ սահմանի բացումը կամ փակումը
դիտարկվում էր որպես նրա նկատմամբ քաղաքական ճնշման միջոցներից մեկը, ապա այժմ դա
կարող է դառնալ արդեն կորսված տնտեսական հնարավորությունների խնդիր: Իսկ ինչ
վերաբերում է Ադրբեջանի հետ Թուրքիայի փոխհարաբերություններին և ղարաբաղյան
հակամարտության կարգավորման նկատմամբ նրա դիրքորոշմանը, ապա, ըստ երևույթին, ճիշտ
կլիներ Բաքվին ու Երևանին խթանել երկխոսության հաստատման և
պայմանավորվածությունների ձեռք բերման, այլ ոչ թե հանդես գալ միայն մեկ կողմից:
Այսպես կոչված` արաբական գարնան և սիրիական դիմակայության փորձն ապացուցում է, որ
նման քաղաքականությունը ոչ միայն բարդացնում է իրավիճակը, այլև նվազեցնում է
թուրքական դիվանագիտության հնարավորությունները: Պատահական չէ, որ Թուրքիան
ողջունեց երկամյա դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության
վերսկսումը, որը կարող է հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման
«ճանապարհային քարտեզի» ի հայտ գալուն: Հայ-թուրքական սահմանի արդիականացումը և
սահմանամերձ տարածքների ականազերծումը վկայում է այն մասին, որ Անկարան իր
գործողություններում ելնում է, այնուամենայնիվ, դրական սցենարից, և, ամենայն
հավանականությամբ, պատրաստվում է Հայաստանի տնտեսական շրջափակման վերացման», -
նշվում է հրապարակման մեջ: