Հայաստանն ու ՉԻնաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 7-ից 10-ը ՀՀ-ում է գտնվում ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետ, Մհեր Շիրինյանի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ, Լևոն Այվազյանի և ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները:
Նույն օրը գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ: Այցի շրջանակներում գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՉԺՀ ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած ՀՀ զինծառայողներին: