Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ և օրինաչափ բնույթ կրել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Լուիզիանա նահանգի Սենատի նախօրեին կայացրած որոշումը:
Նրա խոսքով, նման բանաձևերն ընդամենն առաջին, բայց ոչ պակաս կարևոր քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: ՙՆման որոշումների հաճախացման միտումները վկայում են այն մասին, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը սարերի հետևում չէ, և որ աշխարհն ավելի դյուրըմբռնող է դարձել ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ՚,- ընդգծել է Շարմազանովը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նման բանաձևերի ընդունումն ավելի հաճախակի բնույթ կկրի:
Նախօրեին ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚: Լուիզիանայի Սենատը նաև ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները: