Բոլոր ընդդիմադիր ուժերը, ՀՅԴ-ից բացի, սոսկ ստեղծում են տպավորություն, թե ցանկանում, են տապալել իշխանությունը Հայաստանում: Այդ մասին հայտարարել է ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում: Նրա ասելով, ձևանալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներ, ընդդիմադիր ուժերն իրականում գործել են ընդդեմ նրա ՙԲարև՚ շարժման: Նրա կարծիքով, առաջինն ընդդիմությունում պառակտում է մտցնում ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նրա այն կողմնակիցները, որոնք ինչ-որ չափով սատարում էին շարժումը, հենց այդ պատճառով չէին հրավիրվել կուսակցության հիմնադիր համագումարին: Ընդ որում նա չի բացառել, որ Հայաստանի նախագահի պաշտոնին վերադառնալու դեպքում Տեր-Պետրոսյանը կշարունակի 1996 թվականի իր քաղաքական գիծը: ՙԱռավել ևս, որ նա ներողություն չի խնդրել կատարածի համար, իսկ նրա կողքին առաջվա պես գտնվում է այդ քաղաքականության ՙգլխավոր ճարտարապետ՚ Գագիկ Ջհանգիրյանը՚, - ընդգծել է Հակոբյանը:
Նա նաև նշել է, որ հենց նույն համագումարում հնչել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հասցեագրված անկեղծ դրվատանք և բամբասանք Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին: Նրա ասելով, Տեր-Պետրոսյանի վարքագիծը ոչ թե քաղաքական գործընթաց էր, այլ ժուլիկություն, որն ավելի վաղ ապարդյուն փորձարկվել է Սերժ Սարգսյանի վրա, իսկ այժմ` Ծառուկյանի վրա:
Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե` ՙԳնամ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, ի՞նչ անեմ, աղոթե՞մ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Դա իմ մանկության երազանքը չէ՚, Հակոբյանը պատասխանել է առաջին նախագահի ոճով. ՙՄարտի 1-ի 10 զոհերի երազանքն ակնհայտորեն մեռնելը չէր հանուն մի մարդու, ով վճռական պահին լքեց իր ժողովրդին և փակվեց չորս պատերի ներսում: Հավատացնում եմ, դա նաև նրանց ծնողների երազանքը չէր: Եվ եթե պարոն Տեր-Պետրոսյանը Հովհաննիսյանին չի կարող ներել այն, որ ապրիլի 9-ին արյունահեղություն չեղավ, ապա դա իր խնդիրն է՚, - ընդգծել է նա` նման վարքագիծը որակելով ցինիզմ: