ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այդպես էլ դուրս չի եկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող մանկավարժների մոտ: Բողոքի ակցիայի մասնակիցները բավականին հիասթափված էին նրա դիրքորոշումից: Ոմանք դուրս գալուց և իրենց պահանջները լսելուց նախարարի հրաժարվելը պայմանավորել են Facebook-ում նրա ակտիվ գործունեությամբ և այդ առնչությամբ ժամանակի պակասով:
Ակցիայի մասնակիցները մատնանշել են նաև դպրոցների տնօրենների և բուհերի ռեկտորների քաղաքականացվածությունը, ինչի պատճառով շատ մանկավարժներ չեն կարողացել միանալ բողոքի ակցիային: Միաժամանակ նրանք նշել են, որ թույլ չեն տա ազատել նրանց, ովքեր չեն վախեցել այսօր իրենց բողոքի խոսքն ասել:
Ավելի վաղ Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այն մանկավարժներ, ովքեր համապատասխան դիմում կգրեն, կենսաթոշակային հիմնադրամ իրենց աշխատավարձի 5% -ի փոխանցում չի կատարվի: Մինչդեռ այսօր հավաքված մանկավարժները նշել են, որ կենսաթոշակային պահումներ իրենցից արվում են`հակառակ Ֆինանսների նախարարությանն ուղղված իրենց դիմումներին: Բացի այդ, առանց իրենց մասնակցության ընտրվել են կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներ:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արթուր Բաղդասարյանի միջոցով ակցիայի մասնակիցները Աշոտյանին նամակ են փոխանցել` իրենց աշխատավարձից 5% պահումները դադարեցնելու պահանջով:
Մանկավարժների և ՙԴեմ եմ՚ նախաձեռնության անդամների մասնակցությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել ՀՀ Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ, որին շուրջ 200 մարդ է մասնակցել: