Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի կառավարությունը շրջանառության մեջ պետք է կդնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ` նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ստանձնած պարտավորությանը համապատասխան:
Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը:
Աղբյուրը
նշում է, որ դիվանագիտական նկատառումներով պաշտոնական ոչ մի հայտարարություն չի լինի մինչև Ֆրանսիայի նախագահի Թուրքիա այցը, որը նախատեսվում է 2014 թվականի հունվարի վերջին: Միևնույն ժամանակ թերթը գրում է, որ հայտարարությունը կարող է արվել չորս ամիս անց, 2014 թվականի մայիսին Ֆրանսուա Օլանդի Հայաստան այցի ընթացքում: Աղբյուրն ընդսմին
հավելում է, որ այս տեղեկատվությունը հաստատվել է դեկտեմբերի 16-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին: Աղբյուրի համաձայն, սա թույլ կտա օրինագիծն ընդունել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ընթացքում, այսինքն` 2015
թվականի ապրիլին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել էր ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը մեկ տարվա ազատազրկում կամ 45000 եվրո
տուգանք էր նախատեսում ցեղասպանության փաստը ժխտելու համար: Սակայն 2012 վականի փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ
համարեց օրինագիծը: