Իսրայելի Քնեսետում քննարկել են Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցը:
Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, Քնեսետի խոսնակ Յուլի
Էդելշտեյնը Հայոց ցեղասպանության հարցին առնչվող լիակազմ նիստում հայտարարել է, որ
հրեաները պետք է ճանաչեն հայության տառապանքները, եթե անգամ դրա համար ոչ ոքի չեն
մեղադրում: «Այս քննարկումներն ուղղված չեն որևէ ժամանակակից երկրի դեմ, այլ սոսկ
ցույց են տալիս, որ մենք մեզ նույնացնում ենք այդ կոտորածի զոհերի հետ», - ասել է
նա: Խոսնակն ընդսմին ավելացրել է, որ իրենք չեն կարող ժխտել պատմությունը և
մարդկային արժեքները` ելնելով դիվանագիտամկան կամ քաղաքական զգուշավորությունից :
Քնեսետի պատգամավոր
Զախավա Գալոնն իր հերթին Իսրայելի կառավարությանը
կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև դրա 100-ամյա տարելիցը: Նրա
համոզմամբ, կառավարությունն այդ հարցում չպետք է փոխզիջման գնա հանուն ժամանակավոր
շահերի: «Երբ մեզ հարկավոր են Թուրքիայի հետ հարաբերությունները, մեքն աչք ենք
փակում այդ հարցի վրա, իսկ երբ Անկարայի հետ հարաբերությունները վատանում են, մենք
անմիջապես ուշադրությունը սևեռում ենք այդ խնդրին», - ասել է նա, ընդգծելով, որ
հրեաները, որպես հոլոքոստ ապրած ազգ, չեն կարող անտեսել Հայոց ցեղասպանության
ճանաչման հարցը: Քնեսետի պատգամավոր Ռեուվեն Ռիվլինը, կիսելով գործընկերոջ
կարծիքը, ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական հայտարարությունը պայմանավորված է
նաև այն հանգամանքով, որ շատ երկրներ, այդ թվում նաև Իսրայելը, դադարել են անտեսել
Հայոց ցեղասպանության փաստը: Հարցի վերաբերյալ արտահայտվել է նաև զբոսաշծրջության
նախարար Ուզի Լանդաուբն, ում համոզմամբ, հրեաները բարոյական նկատառումներից
ելնելով պարտավոր են ճանաչել մարդկային ողբերգությունները, այդ թվում` Հայոց
ցեղասպանությունը: Նա նաև Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել վավերացնել
ցյուրիխյան արձանագրությունները:
Քննարկումների
ավարտից հետո հարցը ներառվել է Քնեսետի արտաքին գործերի և պաշտպանության կոմիտեի
օրակարգում: