Մարտի 25-ին կանաչ ակտիվիստները հանքարդյունաբերությանը նվիրված այլընտրանքային կոնֆերանս կանցկացնեն`ի պատասխան մարտի 25-26-ը ՙՊատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՚ միջազգային գիտաժողովի կազմակերպման:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է հայտնի ակտիվիստ Լենա Նազարյանը, միջազգային կոնֆերանսի անունն ինքնին վկայում է այն մասին, որ մասնակիցներն ու կազմակերպիչները մտադիր չեն հնչեցնել ոլորտում գոյություն ունեցող խնդիրները: Մինչդեռ էկոլոգներն առաջին տարին չէ, որ փորձում են վերադասների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին և բացասաբար ազդում հանավայրերին հարակից համայնքների բնակիչների առողջության վրա:
Այս առնչությամբ կանաչ ակտիվիստները որոշել են այլընտրանքային միջոցառում անցկացնել, որի ժամանակ զեկույցներ կընթերցվեն այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպես` գործող օրենսդրության անկատարությունը, հանքավայրերի շահագործման բացազական ներգործությունը մարդու առողջության վրա, առողջարանային գոտիների մոտակայքում հանքավայրերի շահագործման բացասական էֆեկտը:
Միջոցառումը կկրի ՙԱնպատասխանատու հանքարդյունաբերություն Հայաստանում՚ անվանումը և կանցկացվի փողոցում` միջազգային կոնֆերանսի անցկացման վայրի հարևանությամբ: Այդ կերպ ակտիվիստներն ակնկալում են իրենց խոսքը հասցնել լեռնահանքային ոլորտին աջակցող միջազգային կազմակերպություններին: Նազարյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունը չի խոչընդոտի կանաչ ակտիվիստների այլընտրանքային կոնֆերանսի անցկացմանը:
ՙՊատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՚ միջազգային գիտաժողովը կազմակերպում է ՀՀ կառավարության կողմից` Համաշխարհային բանկի, ՎԶԵԲ, ԱՄՆ, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև լեռնահանքային ընկերությունների աջակցությամբ:
Հիշեցնենք, որ փորձագետները բազմիցս մատնանշել են Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման բացասական կողմերը: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել էր ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը, գործնականում, Հայաստանի բոլոր շրջաններում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունը, տեղի է ունեցել սննդային շղթաները ծանր մետաղների ներթափանցում: Բացի այդ, ամենուր, որտեղ շահագործվող հանքավայրեր կան, միանշանակ տեղի է ուենում բնական ջրի աղտոտում:
Բնապահպանության ոլորտին հասցված ամենալուրջ հարվածը 2011 թ. նոր ՙԸնդերքի մասին օրենսգրքի՚ ընդունումն էր: Փաստաթղթում պոչեր հասկացության բացակայությունը հարկման բազան զգալիորեն նվազեցնելու հեռանկար է բացում ընկերությունների առջև: Բացի այդ, հանքավայրերի շահագործումից հետո պոչերի համար պատասխանատվություն են կրելու ոչ թե ընկերությունները, այլ` պետությունը: