Ես արտաքին քաղաքականությունում արմատական փոփոխություններ չեմ սպասում: Վրաստանը հավատարիմ կմնա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին մերձենալու իր ձգտմանը`զուգահեռաբար փորձելով բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, առցանց հարցազրույցի շրջանակներում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Կոբա Թուրմանիձեն`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե Վրաստանի նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում ինչ փոփոխությունների կարիք կունենա երկրի արտաքին քաղաքականությունը:
ՙՀնարավո՞ր է արդյոք համատեղել այդ երկու ձգտումները: Ցանկացած երկրի համար, իհարկե, ցանկալի է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ, բայց ոչ միշտ է դա հնարավոր: Ռուսաստանի և Վրաստանի ոչ բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի ընտրությունը չեն: Դրանք երկրում անջատվողականներին խրախուսելու և աջակցելու միջոցով Վրաստանի ինքնիշխանությանը սպառնալիքի երկար պատմություն ունեն: Ավելին, ռուսական շուկաները տարիներ շարունակ փակվել են վրացական ապրանքների համար՚,- նշել է նա:
Միաժամանակ, Թուրմանիձեի կարծիքով, Թուրքիան Վրաստանի կարևոր առևտրային գործընկերը և երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցն է: Չնայած այն բանին, որ մեծ երկրները միշտ փորձում են պաշտպանել իրենց շահերն փոքր հարևանների հաշվին, այնուամենայնիվ, հավաստումները, թե Թուրքիայի հետ սերտ կապերը կարող են հղի լինել Վրաստանի համար ժողովրդագրական խնդիրներով, հիմնված չեն իրական գործոնների վրա: ՙՎրաստանը հասկանալի պատճառներով անայլընտրանքային տարանցիկ երկիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրեբջանի ու Թուրքիայի համար: Եվ ես որևէ հիմք չունեմ հավաստելու, թե Թբիլիսին առավելագույն օգուտ չի քաղում դրանից՚,-ամփոփել է Թուրմանիձեն: