Հայ բլոգերներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդին կոչ են անում հրաժարվել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին Լեռնային Ղարաբաղ հրավիրելու գաղափարից:
Դիմումի մեջ ասվում է, որ Փաշազադեի Արցախ այցը ՙսրբապղծություն՚ կլինի: ՙՆրա հայտնվելը մեր հողի վրա անհարգալից կլինի հանուն հայրենիքի և քրիստոնեական հավատի զոհված մեր հայրենակիցների հիշատակի հանդեպ՚,- նշում են բլոգերները:
Նշենք, որ ավելի վաղ Մայր Աթոռ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ Մելիքյանը հաղորդել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջարկել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին հանդիպել Արցախում` սահմանի վրա: Մելիքյանը նաև նշել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Վրաստանում այցով գտնվող Փաշազադեին փոխանցել է Արցախում հանդիպում անցկացնելու վերաբերյալ վերոհիշյալ առաջարկը: