Շքեղության հարկի վերացումը վկայում է այն մասին, որ Հայաստանի նոր կառավարությունը մտադիր չէ ինչ-որ բան փոխել երկրում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախարարների կաբինետի անդամներն իրենց գործունեությամբ բազմիցս ապացուցել են, որ իրենց շահերը չեն համընկնում քաղաքացիների շահերի հետ: Նա նշել է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը նույնպես որևէ էական բան չի պարունակում: Հայաստանին սինգապուրյան հրաշք չի ՙսպառնում՚: Կառավարության կողմից կանխատեսվող 5% տնտեսական աճը երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները չի լուծի, դրանց լուծման համար անհրաժեշտ է հասնել ՀՆԱ-ի 10% աճի՚,- ընդգծել է Մարտիրոսյանը: Նա նաև հավաստիացրել է, որ աղքատության մակարդակի 10% նվազում տեղի չի ունենա, ինչպես նաև չի հաջողվի ոտքի կանգնեցնել փոքր և միջին բիզնեսը: ՙԿառավարության անդամները տարիներ շարունակ խեղդել են այդ փոքր և միջին բիզնեսը, մոնոպոլիաներ ստեղծել, իսկ հիմա հանկարծ սկսել են պայքարել իրենք իրենց դեմ: Դա անհեթեթություն է՚,- հայտարարել է Մարտիրոսյանը: