ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն աշխուժացնելու համար Հայկական դիվանագիտությունը նախաձեռնությունը պետք է խլի Ադրբեջանի ձեռքից: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա ասելով, անկախ այն բանից, թե ԱՄՆ ինչ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի նկատմամբ, առանձին նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը բավականին նշանակալի իրադարձություն է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում:
ՙՀենց ճանաչման նման մասնակի դեպքերը, վերջ ի վերջո, կհանգեցնեն համաշխարհային գործընթացի: Մեզ համար դա չափազանց կարևոր է, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ակտիվ քարոզչությունը այսպես կոչված ՙԽոջալուի ցեղասպանության՚ առնչությամբ և այս աշխարհի հզորներին կաշառելու փորձերը: Հաշվի առնելով վիթխարի ֆինանսական միջոցները, որոնք Բաքուն ծախսում է քարոզչության նպատակով, միջազգային հանրության դիրքորոշման վրա ազդելու փորձերը, Արցախի ճանչաումը առանձին նահանգների կամ օկրուգների կողմից մեզ համար չափազանց կարևոր է՚, - նշել է Զոհրաբյանը:
Խորհրդարանականը միևնույն ժամանակ կարծում է, որ հայկական դիվանագիտությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առջև, նա իրավունք չունի ձեռքերը ծոլած նստել: ՙԱյսօր միջազգային ասպարեզում մենք պետք է աշխուժացնենք մեր ջանքերը, լինենք նախաձեռնող, այլ ոչ թե հարկադրված արձագանքենք Ադրբեջանի քայլերին: Հարկավոր է փոխել մարտավարությունը, հախահարձակ լինել դիվանագիտական ասպարեզում՚, - ամփոփել է պատգամավորը:
Նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները: