Դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը
վառելու արարողության ժամանակ տեղի է ունեցել միջադեպ: Մի քանի երիտասարդ
ակտիվիստներ փորձել են մոտենալ արարողությանը ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նրանք քաղաքապետին մեղադրել են բյուջեի միջոցները վատնելու համար:
Ակտիվիստները հիշեցրել
են Ծածկած շուկայի քանդման մասին, հայտարարելով, թե քաղաքապետն աչք է փակում
մայրաքաղաքում կատարվող անօրինությունների վրա և բնակիչների խնդիրները լուծելու
փոխարեն անիմաստ հանդիսություններ է կազմակերիում` մսխելով պետական միջոցները:
Ակտիվիստները վանկարկել են «Տարոն` թալանչի», «Ամոթ», սակայն ակցիային միջամտել են
Ոստիկանության աշխատակիցները, որոնց թիվը հասել է մի քանի տասնյակի: Տեղի է
ունեցել ոչ մեծ քաշքշուկ, որի արդյունքում երկու ակտիվիստների հրապարակից տարել են
ոստիկանական մեքենայով: Ինչպես ԱրմԻնֆոյին հաղորդել են Ոստիկանության մամուլի ծառայությունից,
նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Ակցիայի
պահին ինքը` Մարգարյանը, նույնպես հապճեպ հեռացել է հրապարակից: