ՙԺառանգություն՚ կուսակցությունը հերթական անգամ կառավարող ՀՀԿ-ին կոչ է անում Ազգային ժողովի մեծ օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները:
ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունիսի 10-ին ԱԺ նիստում խոսնակ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե արդյոք քննրակվել է հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելու հարցը, և այդ մասին ինչ է մտածում կառավարող կուսակցության առաջնորդ, նախագահ Սերժ Սրագսյանը: Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, թե այդ հարցի շուրջ ոչ մի քննարկում չի եղել: ՙԱյդ հարցը նախագահի լիազորությունների շրջանակում է, իսկ նա նման որոշում չի կայացրել՚, - ասել է նա:
Փոստանջյանի կարծիքով, նկատի ունենալով, թե Թուրքիան այսօր ինչ է անում Սիրիայի հայերի նկատմամբ, Երևանը պետք է հնարավորինս շուտ ձերբազատվի այդ արձանագրություններից:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո շատ բան է փոխվել, այդ թվում` նաև միջազգային հանրության վերաբերմունքն այդ փաստաթղթերի նկատմամբ: Նա առաջարկել է գոնե կազմակերպել այդ հարցի քննարկում պրոֆիլային հանձնաժողովում, հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարությունը դրան կաջակցի:
ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, ՙԱզգային միաբանություն՚ կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր հերթին նշել է, թե տվյալ պահին ԱԺ օրակարգից արձանագրությունները հանելը լավագույն նվերն է Թուրքիային ու Ադրբեջանին: Գեղամյանը կարծում է, որ, պահպանելով արձանագրությունները, մեր երկիրն իրեն դրսևորում է որպես հուսալի գործընկեր: