Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) (Zangezur
Copper Molybdenum Combine (ZCMC) գլխավոր
գործադիր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի գերմանացի բաժնետիրոջ`
Cronimet Мining ընկերության ներկայացուցիչը:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը հայտնի է դարձել արժանահավատ աղբյուրներից, Մաքսիմ Հակոբյանը, ով
երկար տարիներ ղեկավարում էր կոմբինատը, վերջերս ընկերության բաժնետերերի
ընդհանուր ժողովում ընտրվել է տնօրենների Խորհրդի նախագահ և հուլիսի 1-ից
ձեռնամուխ կլինի իր պարտականությունների կատարմանը: Իսկ ավստրիացի նոր գործադիր
տնօրենի անունն ԱրմԻնֆո-ին պարզել առայժմ չի հաջողվել:
Նշենք, որ «Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի խոշորագույն
լեռնահանքային ընկերությունը և շահագործում է ԱՊՀ տարածքում պղնձի ամենահարուստ
պարունակությունն ունեցող Քաջարանի Հանքավայրը: Ձեռնարկությունը մասնավորեցվել է
2004 թվականի դեկտեմբեր 14-ին, 132 մլն դոլարով, որից հետո ձեռնարկության
բաժնետոմսերի 60% - ն անցավ գերմանական Cronimet Мining ընկերությանը, իսկ մնացած 15% - ը պատկանում է «Մաքուր
երկաթ» գործարանին, 12.5% -ը` Armenian Molybdenum Prodaction ընկերությանը
12.5% -ը` «Զանգեզուր Մայնինգ»
ընկերությանը: Ձեռնարկության զուտ շահույթը 2012 թվականին կազմել է 17,1 մլրդ
դրամ, 2011-ին` 15,069 մլրդ դրամ, 2010-ին` 21.5 մլրդ դրամ: (ՀՀ ԿԲ փոխարժեքը
2013-ի մարտի 12-ին կազմել է 414.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց):
Ըստ Cronimet Мining ընկերության տվյալների, որի կենտրոնը գտնվում է
գերմանական Կարլսրուզ քաղաքում, վերջին մի քանի տարիներին կատարված ընդհանուր
ներդրումները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին կազմել են ավելի քան
500 մլն. դոլար: Ներդրումների շնորհիվ ապահովվել է ձեռնարկության անխափան
գործունեությունը, իսկ տեխնիկական հագեցվածության և արտադրական հզորությունների
առումով այսօր կոմբինատը չի զիջում միջազգային լավագույն ձեռնարկություններին:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հանդիսանում է քաղաքաստեղծ
ձեռնարկություն և իր անգնահատելի ավանդն է ներդնում երկրի տնտեսությանը, ինչպես
նաև աշխատատեղերի ստեղծմանը: 2013 թվականի արդյունքներով ձեռնարկությունը կրկին
գլխավորեց Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը, բյուջեին փոխանցելով 37.8
մլրդ.դրամ:
Նշենք
նաև, որ Cronimet
Мining ընկերությունը Հայաստանում
տիրապետում է նաև «Մաքուր երկաթ» ԲԲԸ բաժնետոմսերի 51%-ին, որն արտադրում է ԷԼԲԱՏ
մակնիշի կապարաթթվային մարտկոցները: Ընկերությունն ակտիվների է տիրապետում նաև
Հարավային Աֆրիկայում: Ըստ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված վերջին
տվյալների, Cronimet
Мining ընկերության
ընդհանուր հասույթը 2012 թվականին կազմել է 531 060 000 դոլար: