Ղարաբաղյան պատերազմի վետերան Վլադիմիր Առաքելյանը հուլիսի 17-ին հայ օլիգարխներին կոչ է արել միջոցներ նվիրաբերել բանակի սպառազինման նպատակով:
ՙՀայ օլիգարխներն ավելի մեծ օգուտ կբերեին ազգին, եթե նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն հիմնադրամ ստեղծեին և ֆինանսներ նվիրաբերեին նոր ռազմական հանդերձանք ձեռք բերելու համար՚,- հայտարարել է վետերանը մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ որում, նա քիչ հավանական է համարել ԼՂՀ-ում մարտական գործողությունների վերսկսումը, քանի որ, նրա կարծիքով, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղղված նախագահական ընտրություններից առաջ իշխանությունների վարկանիշի բարձրացմանը:
Նշենք, որ հուլիսի 12-ին, ընդունելով Կորեայի Ազգային ասամբլեայի պատվիրակությանը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Բաքուն այլ ճանապարհ չունի, քան, ուժեղացնելով իր զինված ուժերը, ազատել ՙօկուպացված տարածքները՚: Դա բուռն արձագանք է գտել հայաստանյան և միջազգային ԶԼՄ-ների շրջանում, սակայն ռազմական փորձագետների և քաղաքագետների մեծ մասն այդ հայտարարությունը ՙսեփական հասարակությանը զոմբիացնող՚ է համարել: