Կոմիտասի 5 հասցեի բազմահարկ շենքի շինարարական աշխատանքները կասեցվել են: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՙՆախախորհրդարան՚ քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, օգոստոսի 26-ի առավոտյան բանվորները փորձել են բետոն խառնել, սակայն տեղի բնակիչները սուլել են նրանց, և, արդյունքում, բանվորները հեռացել են շինհրապարակից: Տվյալ պահի դրությամբ ՙՆախախորհրդարանի՚ ակտիվիստները հերթապահում են Կոմիտաս-5-ում: Ինչպես հավաստիացրել է Խզմալյանը, անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան նոր ուժեր:
Նշելով, որ քաղաքացիական հասարակությունն այսուհետև չի հանդուրժելու անօրինականությունը, Խզմալյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 25 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում քաղաքացիական շարժման կորիզը դարձել է երիտասարդությունը: Այսօր նոր սերնդի ուշադրության կենտրոնում է ոչ միայն Կոմիտասի-5 հասցեի բազմահարկի շինարարությունը, այլև բուհերի ուսման վարձի բարձրացումը, Երևանում վճարովի կայանատեղերի սահմանումը: Ինչպես նշել է ռեժիսորը, սա քաղաքացիական շարժումների դաշինք է, որը վառ արտահայտված առաջնորդ չունի:
Խզմալյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հասարակայնության ջանքերով կասեցվեցին ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման, Մաշտոցի պուրակի կառուցապատման նախագծերը: Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, ապա այստեղ ռեժիսորը տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե ներկայիս իշխանության օրոք այդ դեպքերը կքննվեն: Խզմալյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ակտիվիստներին հայտնի են սադրիչների, ինչպես նաև հրամաններ արձակող անձանց անունները: