Նախընտրական կատակերգությունն ավարտված է, վարագույրներն` իջեցված, ապրիլի 12-ին մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակն այսպես է բնորոշել Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով, Սերժ Սարգսյանի`պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելն ապացուցում է, որ ամերիկացի վիկինգները`Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ չկարողացան ռևանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ: Այսպիսով` թեև աղաքական հեղափոխության ծուխը բարձրացավ, բայց հրաբուխ այդպես էլ չժայթքեց: ՙԱրցախյան վիկինգների բուլդոգյան համառություն ունեցող դինաստիան չի զիջի իշխանությունը: Ինչպես ասել է Հիտլերը` ՙԿարևորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը՚,- նշել է Հակոբյանը:
Նրա կարծիքով, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդի գլխավոր սխալն այն էր, որ փետրվարի 19-ին`նախագահական ընտրությունների ավարտից հետո, չգրոհեց ԿԸՀ-ն: Ապրիլի 9-ի իրադարձությունները`Ազատության հրապարակում Հովհաննիսյանի հանրահավաքը, նախագահի նստավայրին մոտենալու նրա փորձերը և հետագա երթը դեպի Ծիծեռնակաբերդ, մարքսիստը տրամաբանությունից զուրկ է համարել: Միակ մարդն, ով արժանի էր գովեստի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր. ՙԳասպարյանը հիանալի դերասան է: Հոլիվուդը կարող է միայն երազել նման արտիստի մասին՚:
Մարքսիստի կարծիքով, Հայաստանը ստիպված կլինի լուրջ ընտրություն կատարել Եվրասիական միության և ԵՄ միջև, ըստ որում`միակ ճիշտ որոշումը, Հակոբյանի կարծիքով, ԱՄՆ և Ռուսաստանիւ շահերի միջև երկրի հմուտ մանևրումը կլինի: Նա ընդգծել է, որ 2014 թ. Հայաստանին օգնության ծավալները 38%-ով կրճատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը դիտարկում է որպես ահազանգ, որպեսզի հանրապետությունը կողմնորոշվի հօգուտ ԵՄ-ի: