. Ես կհպարտանայի,
եթե համարվեի երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների «կնքահայրը»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ
է հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աարտեմ Ասատրյանը:
Փաստորեն նա մեկնաբանել է
երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի նախկինում արված
հայտարարությունը, որ Ասատրյանը կարող է իրեն համարել նոր կենսաթոշակային
համակարգի հայրը և կնքահայրը, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին այդ թեմայով
հնչեցված մեղադրանքաներն անհիմն են:
Հիշեցնենք, որ վարչապետ
Տիգրան Սարգսյանի հետ բանավեճում Ռ.Քոչարյանը նշել էր, որ կենսաթոշակային
բարեփոխումների օրինագիծը դիտարկվել էր նաև իր նախագահության տարիներին, բայց
կառավարությունը, հաշվի առնելով բոլոր դրական և բացասական կողմերը, հատկապես
բազմաթիվ ռիսկերը, որոշեց այն մերժել: Ըստ Քոչարյանի, ամենամեծ պրոբլեմը
ֆինանսական շուկաների աճող տատանվելիությունն է: «Բազմաթիվ կենսաթոշակային
հիմնադրամներ վերջին ճգնաժամի հետևանքով լուրջ միջոցներ կորցրեցին, ու չկա ոչ մի
երաշխիք, որ նույնը չի կրկնվի: Հնարավոր կորուստները փոխհատուցելու համար ՀՀ
կառավարությունը չունի բավականաչափ պահուստներ, իսկ բյուջեով երաշխավորված
արգումենտը միայն միամիտների համար է»,-հայտարարել է Քոչարյանը:
Իսկ Ասատրյանը համաձայն չէ
այն կարծիքին, որ բարեփոխումն իրականացվում է կտրուկ և անզգուշորեն, քանի որ դրա
հետ կապված բոլոր հարցերը երկար տարիներ քնարկվել են: Նա վստահություն է հայտնել,
որ ներկայումս իրականացվող բարեփոխումների արդյունքները կարելի է կանխատեսել անգամ
այժմ:
Նշենք,
որ կենսաթոշակային
կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի
հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց
մոտ 10 տարի: Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը
Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից
համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի
1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային
կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային
նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ
հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը:
Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև
պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):