Կառավարող վարչակազմը Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից ելք
չունի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ
խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա կարծում է, որ կառավարությունը ձախողել է իր բոլոր
նախաձեռնությունները, այն չի կարողացել նաև ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, որը
պահանջել էր Սերժ Սարգսյանը տարեսկզբին: «Վարչապետը չի կարողացել պարզորոշ
պատասխան տալ ընդդիմության բարձրացրած և ոչ մի հարցի: Ես խորհրդարանի ամբիոնից
Տիգրան Սարգսյանին պարզ ասել եմ, որ իր կառավարությունը հանցագործություն է
կատարել: Այն վերջին երկու տարում շուրջ 300 մլն դոլարի պարտք է կուտակել ռուսական
գազի մատակարարումների դիմաց` այդ մասին չհաղորդելով ոչ հասարակությանը, ոչ
խորհրդարանին: Եթե 2011 թվականին պարտքը կազմում էր 47 մլն դոլար, ապա 2012
թվականին` 118 մլն դոլար, իսկ 2013
թվականին` արդեն 130 մլն դոլար: Կառավարության անդամները դրանով իսկ գնացել են
արկածախնդրության, նրանք պետական հանցագործության մեղսակից են», - նշել է
խմբակցության ղեկավարը:
Նրա ասելով, իր գործողությունների վերաբերյալ
պարզաբանումներ տալու փոխարեն կառավարությունն իր կամակատարների` խորհրդարանական
մեծամասնության միջոցով արգելափակել է խորհրդարանական ընդդիմության բոլոր
նախաձեռնությունները:
Այդ համատեքստում Զուրաբյանն ընդգծել է, որ իշխանության
դեմ հետագա պայքարը կծավալվի փողոցում: «Դրանք հանրահավաքներն են, երթերը, որոնց
նպատակը գործող իշխանության հրաժարականն է», - ասել է ընդդիմադիր գործիչը: