Հունիսի 15-ին՝ ժամը 19.00, ՙԲեմ փրոդաքշն՚ ընկերությունը ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԲեմ փրոդաքշն՚ ընկերությունից, ՙ120 րոպե՝ Ժվանեցկու հետ՚ խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում ՙԺողովրդավարական դիվանագիտություն՚ առաքելության ՙԲոլորն ուղևորվում են Երևան՚ ծրագրի շրջանակներում։
Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա բոլոր ելույթներում առկա է իր ծննդավայր Օդեսային բնորոշ հումորը։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։ Նա հումորի միջոցով բարձրաձայնում է ճշմարտությունը՝ միաժամանակ ծիծաղի րոպեներ պարգևելով հանդիսատեսին։