Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի և Ռուսաստանի
կողմից հանրապետությանը տրամադրվող անվտանգության երաշխիքների միջև կապի մասին
«Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի
հայտարարությունն ուղղակի շանտաժ է, հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար
Աղվան Վարդանյանն Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում:
Նրա ասելով, Ռուսաստանում
նախկինում էլ նման դիրքորոշում ունեին, սակայն երբեք այդքան կտրուկ չեն
արտահայտել: «Ստեղծվում է տպավորություն, որ
Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ռազմավարական
գործընկերության բնույթի չեն և չեն չեն կարգավորվում միջպետական պայմանագրերով,
այլ հիշեցնում են տիրոջ և վասալի հարաբերություններ», - հայտարարել է Վարդանյանը, ընդգծելով, որ նման
հայտարարություններն անթույլատրելի են, և Հայաստանի բարձրաստիճան անձինք պետք է
համապատասխան հետևություններ անեն:
ՀԱԿ խմբակցության
քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին նշել է, որ Կիսելյովի հայտարարությունը
պատասխան է Հայաստանի իշխանությունների
վարած ստորաքարշ քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին
Հայ-ռուսական բարեկամության ակումբի հերթական նիստում, որին ներկա են եղել Դմիտրի
Կիսելյովն ու Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, բանավեճ է տեղի
ունեցել, որն սկսվել է Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչելու անհրաժեշտության
վերաբերյալ պատգամավոր Հայ Բաբուխանյանի հայտարարությունից, ինչին ի պատասխան
Կիսելյովը, մասնավորապես, նշել է, որ Մոսկվան ԼՂՀ կարող է ճանաչել Երևանից հետո
միայն: Նրա ասելով, Ռուսաստանի անմիջական միջամտությունը ղարաբաղյան
հակամարտությանը ինքնաբերաբար կհանգեցնի պատերազմի: Այնուհետև նա նշել է, որ եթե
Հայաստանը ցանկանում է Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ, ապա նա պետք է
առավելագույնս խթանի ռուսաց լեզվի տարածումը հանրապետությունում: Մինչդեռ,
ռուսաստանցի լրագրողի կարծիքով, ռուսաց լեզուն Հայաստանում աստիճանաբար դեգրադացիա
է ապրում, չկան ռուսական դպրոցներ: «Ռուսերենի օտարումը Հայաստանում նշանակում է
Ռուսաստանից օտարացում, նստում ես տաքսի, տաքսիստը ռուսերեն չի հասկանում: Հարկավոր
է անկեղծ լինել, ռուսաց լեզվի վերադարձը բխում է Հայաստանի շահերից: Եթե ռուսերենը
Հայաստանում դեգրադացիա է ապրի, կնվազեն նաև նրա անվտանգության երաշխիքները Ռուսաստանի կողմից: Այժմ աշխարհում պայքար է
ծավալվել հանուն Ռուսաստանի, այնպես որ Հայատսանը պետք է մտածելու բան ունի:
Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով եվրասիական միությանն ինտեգրվելու Հայաստանի
ցանկության մասին, նշել է, որ ինտեգրումը պետք է իրականացվի, հաշվի առնելով
քաղաքական և անվտանգության բաղադրիչները: Իսկ անվտանգության առումով ինտեգրումն
անհնար է առանց մշակութային բաղադրիչի, դրանք փոխկապակցված են», - հայտարարել է Կիսելյովը:
ՀՀ-ում
ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր հերթին նշել է, որ Հայաստանը պետք է
որոշի իր քաղաքական գերակայությունները, և եթե նրա ընտրությունը Ռուսաստանն է, ապա
ռուսաց լեզուն պետք է տարածում գտնի Հայաստանում, ինչը, սակայն, նրա ասելով,
դժգոհություն է հարուցում հայ հասարակության շրջանում: