Հայաստանի առաջին նախագահ, նորաստեղծ ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ՀԱԿ համագումարում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, տարակուսանք է հարուցում առաջին հերթին Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությունն ընդդիմադիր մեկ այլ առաջնորդի`Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին և նրա գործողությունների առնչությամբ: ՙԿցանկանայի ավելի մանրամասն տեղեկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես ինչ է ենթադրում ՙքաղաքական գործընթացներ՚ բառակապակցության ներքո և ինչ ՙքաղաքական՚ գործողություններ էր ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին ՙքաղաքական գործընթացներ՚ իրականացնելու հնարավորություն ուներ, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչի վերածվեց դա՚,- նշել է փոխխոսնակը:
Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի հայտարարությունը, թե ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձում է մասամբ ՙպոկվել՚ իշխանությունից`Շարմազանովը նշել է. ՙՔաղաքագիտական բոլոր չափանիշների համաձայն, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմադիրության և կայացվածության լավագույն ապացույցը վերջինիս մասնակցությունն է երկրի գլխավոր քաղաքական գործընթացին`նախագահական ընտրություններին`այլընտրանքային ծրագրով, ինչը, սակայն, ԲՀԿ-ն չարեց: Իսկ այն պնդումը, թե այսօր ԲՀԿ-ն առճակատման է գնում իշխանությունների հետ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, պարզապես անլուրջ են. դրանք այն ընտրությոՒնները չեն, որոնք որոշում են պետության ճակատագիրը: Եվ նման հայտարարություններով պետք չէ մոլորության մեջ գցել ընտրազանգվածին: Մայիսի 5-ի ընտրություններում ընտրվում է տնտեսվարող, ով կարող է լավագույնս կառավարել Հայաստանի մայրաքաղաքը՚,- ամփոփել է փոխխոսնակը: