Հայաստանը պետք է անցում կատարի նոր տնտեսական մոբիլիզացիոն քաղաքականության, հուլիսի 11-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության /ՀԱԱՄ/ նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով, նշված անցման ուղղությամբ առաջին քայլերը կարող են լինել ներդրումների և զարգացման բանկի ստեղծումը, Էկոնոմիկայի նախարարություններից տուրիզմի և արդյունաբերության բլոկների անջատումը և դրանց հիման վրա առանձին նախարարությունների ստեղծումը, ինչպես նաև վերջիններիս և գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին տնտեսաֆունկցիոնալ գերատեսչությունների կարգավիճակ տալը, մինչդեռ դրանք ներկայումս միայն ֆունկցիոնալ են: Սաֆարյանի կարծիքով, այդ գերատեսչությունների կարգավիճակի փոփոխումը թույլ կտա վերջիններիս իրապես կառավարել նշված ճյուղերը`օգտագործելով մասնավոր հատվածի հետ պետության համագործակցության գործիքը:
Նա գտնում է, որ տնտեսական նոր քաղաքականության տարր պետք է հանդիսանա նաև պղնձի վերամշակման շղթայի փոփոխությունը. եթե այսօր Հայաստանը պղնձի խտանյութ է արտահանում`պղնձի 26-28% պարունակությամբ, ապա հետագա վերամշակման դեպքում կարելի է ստանալ սև պղինձ և զտած պղինձ`այդ մետաղի 99,9% պարունակությամբ, ինչպես նաև պղնձի հանքաքարից ստանալ այլ մետաղներ: Բացի այդ, պետական և մասնավոր հատվածի համագործակցությամբ անհրաժեշտ է Սյունիքի մարզում կառուցել պղնձահալման և քիմիամետալուրգիական կոմբինատ: Այդ համալիրն աշխատելու է պոչամբարներում կուտակված ավելի քան 1,5 մլրդ տոննա թափոնների հաշվին: Սաֆարյանի խոսքով, պոչամբարների վերամշակումը թույլ կտա ստեղծել 15 հազար նոր աշխատատեղ, ինչպես նաև բարելավել էկոլոգիական բալանսը դրանց գտնվելու վայրերում:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել նաև կաշվի և բրդի հայրենական արտադրության առնչությամբ: Օրինակ` գորգերի արտադրության ձեռնարկություններից մեկը պատրաստ է սկսել Հայաստանում կուտակված ավելի քան 4 հազար տոննա բրդի վերամշակումը, իսկ հայրենական կաշվի ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը թույլ կտա 3 հազար նոր աշխատատեղ ստեղծել կոշիկի ֆաբրիկաներում:
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է նվազեցնել նաև հարկային ՙկոշտ և ֆիսկալ՚ բեռը 35-40%-ով, ինչը թույլ կտա ավելացնել հարկատուների բազան: ՀԱԱՄ ղեկավարը նշել է, որ վերոհիշյալ միջոցները պետք է հող նախապատրաստեն տնտեսության թռիչքաձև զարգացման համար, քանի որ վերջին մի քանի տարում արձանագրված`ՀՆԱ 6,3% միջին տարեկան աճը չի կարող լուծել աշխատավարձերի և կենսաթոշակների զգալի բարձրացման հարցերը:
Պատասխանելով Հայաստանի պետական կառավարման համակարգի ներկայիս որակի պայմաններում մոբիլիզացիոն տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` ՀԱԱՄ ղեկավարը նշել է, որ եթե խորհրդային տարիներին կառավարչական կադրերը կադրային կայացման փուլեր էին անցնում, ապա ՙայսօր, ինչ-որ քաղաքական որոշման պատճառով, նախարարի պաշտոնում կարող է նշանակվել մարդ փողոցից՚, և այս իրավիճակը ևս հարկավոր է շտկել: