Մոսկվան ձգտելու է Ղարաբաղի սառեցված հակամարտությունն իսկական պատերազմի վերածել, իր հոդվածում գրում է Տարծաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա կարծիքով, Ռուսաստանը կարող է ընդլայնել ու մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: Եվ այդ համատեքստում քաղաքագետը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է գրավիչ միջոց դառնալ: ՙՄոսկվան ձգտելու է Ղարաբաղի սառեցված հակամարտությունն իսկական պատերազմի վերածել, որին իրապես կարող են միջամտել միայն Ռուսաստանը և վերջինիս խաղաղապահները՚,- ընդգծել է Կիրակոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ այդ սցենարը կվերականգնի Ռուսաստանի ազդեցության լծակները, որոնք վերջինս ունեցել է 2008 թ. Վրաստանի հետ պատերազմին նախորդած փուլում:
Ըստ որում, փորձագետը նշել է, որ Հայաստանի դրությունը որոշ իմաստով կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան 2008 թ. Վրաստանի դրությունը, քանի որ ընդունելով Ղրիմի առնչությամբ ռուսական դիրքորոշումը`Երևանը դատապարտել է իրեն Մոսկվայի հետ գործընկերության պատանդը դառնալու: ՙԵվ քանի որ Արևմուտքը մտադիր է լուրջ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, Երևանը կարող է ավելի մեծ մեկուսացման մեջ հայտնվել՚,- նշել է նա: