Եթե Հայաստանը վերջ չտա այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին: Այսպիսի գրառում է կատարել ՙՖեյսբուքի՚ իր էջում է Հայաստանի նախկին վարչապետ, ՙԱզատություն՚ կուսակցության առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերջին տվյալները:
Ինչպես նշում է նախկին վարչապետը, տնտեսության աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ կազմելով 3.2%։ ՙՕգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին 9%։ Հայաստանը գահավիժում է։ Ի՞նչն է հետաքրքիր. Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճը գնահատում է 3.3-3.8% միջակայքում։ Ուրեմն նորից մենք ունենալու ենք աշխարհի միջինից ցածր ցուցանիշ՚, - գրում է Բբագրատյանը. հավելելով, որ վերջին 6 տարիներին ՀՀ տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին։ ՙԲայց չէ՞ որ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից 3 անգամ ցածր ենք։ Ուրեմն, համաձայն տնտեսագիտության հայտնի ու անվիճելի մի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականոթյունը մեզ մոտ պետք է 3 անգամ ավելի բարձր լինի։ Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ, պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր. ՙՀապա բացատրիր, ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը 10 եւ ավել տոկոս չէ (3 անգամ ավել չէ համաշխարհային միջինից)։ Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք։ Ի վերջո եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին՚, - հայտարարել է պատգամավորը: