Հունիսի 20-ին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Կորյունի փողոցում Imperial palace hotel հյուրանոցի շենքի առջևի կանգառը հանվել է, իսկ դրա տեղում բացվել է հյուրանոցին առընթեր կայանատեղի:
ՙՄասնավոր հատվածն աստիճանաբար դուրս է մղում հասարակ մահկանացուներին, և, դժբախտաբար, դա դառնում է օրինաչափություն: Սկզբում սրճարաններ էին կառուցում մայթերին, իսկ սրանք ավելի հեռուն են գնացել. մայթի սրճարանը համատեղել են կայանատեղիի հետ՚, -հայտարարել է խմբագրություն զանգահարած քաղաքացին:
ԱրմԻնֆոյի թղթակիցը փորձել է պարզել այդ փոխատեղման պատճառը, և տարբեր ատյաններ 5 զանգերից հետո հարցն ուղղվել է ՙԵրևանտրանս՚ ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանին: Վերջինս հայտարարել է, որ ինքը կատարում է քաղաքապետարանի արդեն կայացված որոշումները: ՙԿանգառը կտեղափոխվի մի քիչ ավելի վերև, թե երբ` առայժմ հայտնի չէ, քանի որ դա բարդ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է համապատասխան որոշում՚, - նշել է նա: Պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի այն հարցին, թե արդյոք փոխատեղման պատճառը հյուրանոցի բարձրաստիճան սեփականատերերի ցանկությունը չէ, Համբարձումյանը սահմանափակվել է ՙբոլոր հարցերը` քաղաքապետարանին՚ արտահայտությամբ: Սակայն քաղաքապետարանում, ինչպես և միշտ, խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որին կպատասխանեն սահմանված ժամկետում:
Ավելացնենք, որ, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Imperial palace hotel հյուրանոցի սեփականատերը Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն է: