Նավթի և գազի որոնումներով Հայաստանում շարունակում է զբաղվել երեք ընկերություն, սակայն հետախուզման արդյունքները դեռ չկան: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության պետ Վարդան Վարդանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, Հայաստանի տարածքը պայմանականորեն բաժանված է 6 լիցենզիոն բլոկերի: Նավթի ու գազի որոնումներով զբաղված է Armoil ընկերությունը, որը երկրաբանական հետախուզություն է իրականացնում առաջին և երրորդ լիցենզիոն բլոկերում Հայաստանի հյուսիսում: Հայկական Integral Petrolium ընկերությունն ուսումնասիրում է երկրորդ լիցենզիոն բլոկն Արմավիրի մարզում, իսկ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ բլոկերը 2007 թվականից Գեղարքունիքի մարզում ուսումնասիրում է Blackstairs Energy Armenia-ն, որն արդեն երեք անգամ երկարացրել է լիցենզիայի ժամկետները: Armoil և Integral Petrolium ընկերություններին լիցենզիաներ են տրամադրվել 2013 թվականին`5 տարի ժամկետով: Վարդանյանը չի կարողացել նշել նավթի և գազի երկրաբանական հետախուզման աշխատանքներում այդ ընկերությունների ներդրումների ծավալը:
Նշենք, որ նավթ և գազ Հայաստանում որոնել են դեռ խորհրդային տարիներին, սակայն բավականաչափ ծավալներ չեն հայտնաբերել արդյունաբերական արդյունահանման համար: Բացի այդ, հանքաշերտերը շատ խորն են գտնվում, և դրանց արդյունահանումը կոմերցիոն տեսակետից աննպատակահարմար է: Նավթի որոշակի պաշարներ հայտնաբերվել են Սևանա լճի մոտ, սակայն այդ նավթի արդյունահանումն էկոլոգիական տեսակետից անթույլատրելի է: