Հայաստանը 38-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի` երկրների տնտեսական ազատության մակարդակի համատեղ հետազոտության արդյունքում կազմված վարկանշային աղյուսակում, հաղորդում է Newsru.com-ը:
Զեկույցի հեղինակները Հայաստանի ՙՏնտեսական ազատության ինդեքսը՚ գնահատել են 69,4 բալ, այդպիսով` նախորդ հետազոտության համեմատ երկիրն իր դիրքը բարելավել է 0.6 կետով: Հայտնվելով 38-րդ տեղում` Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում: Տարածաշրջանում ամենալավ ցուցանիշը գրանցվել է Վրաստանում, որն զբաղեցրել է 21-րդ տեղը: Վրաստանը ներառվել է ՙհիմնականում ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքում: Ադրբեջանի ցուցանիշներն ավելի վատ են` 59,7 բալ: Չնայած այն հանգամանքին, որ այդ երկիրը նախորդ ուսումնասիրության համեմատ 0.8 կետով բարելավել է իր դիրքը, Ադրբեջանը դասվել է ՙհիմնականում ոչ ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքը: Այդ խմբում է նաեւ Ռուսաստանը, որն զբաղեցրել է 139-րդ տեղը: Վարկանշային աղյուսակում Թուրքիան 69-րդ տեղում է եւ նույն խմբում, որում Հայաստանն է: Իսկ Իրանն ընդգրկվել է ՙոչ ազատ տնտեսությամբ՚ երկրների շարքում, որում տեղ են գտել նաեւ Զիմբաբվեն, Կուբան, Հյուսիսային Կորեան:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում Հոնկոնգն է` 100 հնարավոր բալից 89,3 բալ, երկրորդ տեղում ` Սինգապուրը` 88 բալ: Լավագույն հնգյակում են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Շվեյցարիան: Դրանց հաջորդում են Կանադան, Չիլին, Մավրիկիան, Դանիան եւ ԱՄՆ-ը:
Մասնագետներն ամեն տարի այս վարկանշային աղյուսակը կազմում են տաս հիմնական չափանիշներով հաշվարկների հիման վրա, որոնք հաշվի են առնում տնտեսական և առևտրային ազատությունների աստիճանը, ներդրումային թափանցիկությունը, պետության միջամտությունը տնտեսությանը, կոռուպցիայի գործոնը և այլն: Մեկնաբանելով վարկանշային աղյուսակը` WSJ նշում է, որ տնտեսական ազատությունը ողջ աշխարհում գնալով նվազում է, և, ընդհակառակը, աճում են ամբոխավարական տրամադրությունները, որոնք կառավարություններին ստիպում են վարել եկամուտների վերաբաշխման և տնտեսական գործունեության կառավարման քաղաքականություն: Մերձավոր արևելքում ՙարաբական գարունից՚ հետո պարզվեց, որ տնտեսական ազատությունը չի կարող բարգավաճել ավտորիտար վարչակազմերի կամայականության ներքո, այդ պատճառով զգալիորեն նվազել են Եգիպտոսի, Թունիսի, Ալժիրի և Սաուդյան Արաբիայի վարկանիշները: Փոխարենը, որքան էլ զարմանալի լինի, իր գործերը շտկել է ճգնաժամով ՙհիվանդ՚ Եվրոպան: Եվրոյի գոտում անխուսափելի սնանկացման սպառնալիքը կառավարական ծախսերը զսպելու լուրջ ջանքեր է հարուցել: Եվրոպայում առաջատար են այն երկրները, որոնք ստույգ տեղյակ են սոցիալիզմի կործանարար ազդեցությանը: