ՙԿասկածում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխան ունենա, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը՚,- լրագրողներին հայտարարել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներին հարցազրույցում վարչապետը նշել էր, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս ՄՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին: Սակայն, Զոհրաբյանի կարծիքով, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ հասարակ քաղաքացիները չգիտեն, թե ինչ են ստանալու ՄՄ-ին անդամակցությունից: ՙՃիշտ նույն կերպ իշխանությունները երկար ժամանակ թաքցնում էին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակնությունը՚,- ասել է Զոհրաբյանը:
Ինտեգրացիոն նախագծերին միանալու երկրի ղեկավարության քաղաքականությունը տարօրինակ է համարում նաև ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը: ՙՄինչև սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը վարչապետը բազմիցս պնդում էր, թե Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՄՄ-ին: Փոխարենը բանակցություններ էին տարվում DCFTA-ի շուրջ: Հարց է ծագում` եթե ժողովուրդը ցանկանում էր միանալ ՄՄ-ին, ինչպե՞ս կարելի էր երեքուկես տարի բանակցություններ վարել մեկ այլ ինտեգրացիոն նախագծի շուրջ՚,- ասել է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, նրա կարծիքով, մտավախություն կա, որ այդ կառույցին ՀՀ անդամակցմամբ կարող է վերանալ տնտեսության 2-3 ճյուղ: