Մրցակցային միջավայրը Հայաստանում բարելավվում է, սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության նիստում հավաստիացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով մեկնաբանելով Համաշխարհային տնտեսական ֆորումի 2013-20014 թթ. համաշխարհային մրցունակության զեկույցը, որի համաձայն, Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել 148 երկրների շրջանում` մեկ տարվա ընթացքում երեք կետով բարելավելով իր դիրքը:
Շաբոյանի ասելով, համաշխարհային մրցունակության զեկույցում հրապարակված ցուցանիշները հաշվարկվում են տարբեր ոլորտներից ընտրված շուրջ 200 տնտեսվարողների շրջանում փակ գաղտնի հարցման տվյալների ամփոփման արդյունքում: Նա ասելով, մրցունակության ցուցանիշն ագրեգացված ցուցանիշ է և ներկայացնում է երկրի տարբեր ոլորտները բնութագրող իրավիճակները: Եվ երեք ցուցանիշներ պատկանում են մրցակցության ոլորտին: Մրցակցության ոլորտի առաջին ցուցանիշը տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշն է, որի գծով մեր երկրի առաջընթացը կազմել է 28 կետ: ՙԱնցած տարի ևս այս ցուցանիշով մենք մեծ առաջընթաց էինք արձանագրել, սակայն անցած տարի մեզ նաև որոշ մարդիկ քննադատում էին, ասելով, որ ճիշտ է, առաջընթացը, աճի տեմպը մեծ է, սակայն մեր զբաղեցրած դիրքը դեռևս ցածր է: Ասեմ, որ այժմ այդ ցուցանիշով մենք ԱՊՀ երկրների շարքում առաջատարն ենք՚, - ասել է նա:
Շաբոյանը նշել է, որ հաջորդ ցուցանիշը հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության ցուցանիշն է, որի գծով առաջընթացը կազմել է 19 կետ: ՙԱյս ցուցանիշով ևս ԱՊՀ երկրների շարքում առաջատար ենք մեր զբաղեցրած դիրքով: Օրինակ` Վրաստանից առաջ ենք 41 կետով, Ադրբեջանից` 30 կետով, Ուկրաինայից` 40 կետով և այդպես շարունակ՚, - ընդգծել է նա:
Երրորդ ցուցանիշը, որը բնութագրում է մրցակցային միջավայրը, շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների ազդեցությունն է մրցակցության վրա, որը ցույց է տալիս , թե գերիշխող դիրք ունեցողները որքանով են խոչընդոտում մրցակցությունը, որքանով են սահմանափակում: ՙԱյս ցուցանիշի գծով նույնպես բարելավում է արձանագրվել. առաջընթացը կազմել է 15 կետ: Եվ զբաղեցնում ենք աշխարհի երկրների շարքում 75-րդ տեղը, այն դեպքում երբ Ուկրաինան 132-րդ տեղում է, Մոլդովան`133, Վրաստանը` 119 և այդպես շարունակ: Ասեմ նաև, որ այս ցուցանիշով մենք նաև մեր զբաղեցրած դիրքով առաջ ենք անցել Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից` Հունգարիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա և այլն՚, - ասել է Արտակ Շաբոյանը: