ՙԵրևակայության գավաթ Հայաստան 2013՚ (Imagine Cup Armenia 2013) մրցույթ հաղթող Lionsharp Solutions թիմը նախատեսում է աշնանը միջազգային շուկա դուրս գալ`իր Voiceboard համակարգով /Ձայնային գրատախտակ/: Այդ մասին ապրիլի 12-ին Imagine Cup-Armenia մրցույթի եզրափակիչի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակցին ասել է Lionsharp Solutions-ի ինժեներ Գևորգ Հովսեփյանը:
Նա բացատրել է, որ Voiceboard-ը հիմնված է Microsoft կորպորացիայի Kinect տեխնոլոգիայի հիման վրա: Այն թույլ է տալիս շփվել գրատախտակի հետ` ժեստերի և ձայնային հրահանգների օգնությամբ: Նրա խոսքով, համակարգն արտոնագրված է, և Սոֆիայում նախագծի զարգացման նպատակով բուլղարական Eleven Startup Accelerator վենչուրային հիմնադրամի աջակցությամբ գրանցվել է Lionsharp Solutions Ltd ընկերությունը, որտեղ մի խումբ հայ ծրագրավորողներից բացի, աշխատում են մեկական մասնագետ Մեծ Բրիտանիայից և Իտալիայից:
Հովսեփյանն ընդգծել է, որ Imagine Cup-Armenia-ի եզրափակիչում ներկայացվել է
Voiceboard-ի դեմո տարբերակը, նախատեսվում է հունիսին ներկայացնել վերջինիս ծրագրային ապահովման առաջին օրինակը`անգլերեն բառապաշարով, իսկ աշնանը`ներկայացնել ծրագիրը միջազգային շուկայում: Voiceboard-ի ծրագրային փաթեթը` Kinect-ի հետ միասին կարժենա շուրջ $1000, իսկ միայն Voiceboard –ի համար լիցենզիան` $100: Շուկան ուսումնասիրելուց հետո կմշակվի համակարգի`հայերեն բառապաշարով տարբերակը:
ՙՆախագծի զարգացումից հետո կփորձենք ընդլայնել բիզնեսը մի քանի երկրների ուղղությամբ. առաջինը` մասնաճյուղ բացել Հայաստանում, այնուհետև ապահովել առկայություն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և եվրոպական երկրների շուկաներում:
Imagine Cup-Armenia-ի եզրափակիչում Revotech թիմը ներկայացրել է ՙխելացի տուն՚ ծրագիրը, որում էլեկտրաէներգիայի օգտագործումը, էլեկտրական սարքերի անջատումը և միացումն իրականացվելու է շարժական սարքերի օգնությամբ: miXoft –ում ստեղծված Windows 8-ի հավելվածը նախատեսված է միաժամանակյա նկարչության և երաժշտություն ստեղծելու համար: Letsein-ի ծրագրավորողները ստեղծել են տեղեկատվության մեծ ծավալ պարունակող սարք`ինտերնետ մուտքի հնարավորությամբ, Megamind –ի ծրագրավորողները`հաղորդագրությունների փոխանակման համակարգ`ձայնային կառավարման ֆունկցիներով, Up-and-coming engineers-ը`առևտրային համակարգ շարժական սարքերի համար:
Մրցույթը կազմակերպել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան հիմնադրամը, ՙՄայքրոսոֆթ ԱրԷյ՚ ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (ՙԻ-Դի-Էմ-Սի՚): Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: EDMC-ի աջակցությամբ Lionsharp Solutions-ը Voiceboard-ը կներկայացնի մրցույթի համաշխարհային եզրափակչին, որը տեղի կունենա հուլիսին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: