ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի 14-ամյա ազատազրկումը մեղմ պատիժ է: Այդ մասին Հայրիկյանը հայտարարել է ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
ՙԱնկասկած, դա չափազանց մեղմ պատժաչափ է, սակայն ես հիշաչար մարդ չեմ, Աստված իր հետ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Սեդրակյանը չէ իմ դեմ մահափորձի անմիջական պատվիրատուն՚, - նշել է քաղաքական գործիչը: Նա նաև ավելացրել է, որ դատարանը չի պարզել գործի բոլոր հանգամանքները և անպատիժ է թողել իրական պատվիրատուին: ՙԱյն փաստը, որ դատավորը մերժել է Սեդրակյանին 100 հազար դոլար ուղարկած Ռուսաստանի քաղաքացուն հարցաքննելու միջնորդությունը, խոսում է այն մասին, որ դատական համակարգն անկախ չէ՚, - եզրափակել է Հայրիկյանը:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն իր նկատմամբ մահափորձի առաջին իսկ օրից դրանում ՙռուսական հետք՚ էր տեսնում, ինչի առնչությամբ դատարանից պահանջել էր հարցաքննել Վարդան Սեդրակյանին 100 հազար դոլար ուղարկած Ռուսաստանի քաղաքացուն: