Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին կմեկնի
Ստրասբուրգ`Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին
մասնակցելու նպատակով: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանն այս
առնչությամբ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում սահմանափակվել է ավանդական պատասխանով`ՙԱմեն ինչի մասին
կտեղեկացվի պատշաճ ժամկետներում՚:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը,
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթ է ունենալու նաև Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը: ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամների համոզմամբ, Սերժ
Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա այն հարցին, թե ինչու Հայաստանը
չորս տարի Եվրամիության Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտելուց
հետո, անակնկալ կերպով որոշեց մտնել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն: Ի
դեպ, Սերժ Սարգսյանին հարց տալու համար արդեն իսկ հերթագրվել է Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՙԺառանգություն՚
խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Թե կոնկրետ ինչ հարցադրումներ է
հնչեցնելու, Փոստանջյանը չի ցանկացել բացել փակագծերը: