Եթե Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններն անցնեն առանց երկրորդ փուլի, դա երկրում ժողովրդավարության բացակայության ահազանգ կլինի, այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ որում, քաղաքական գործիչը չի բացառել ընտրական գործընթացի ընթացքում գործող իշխանության կողմից հնարավոր կեղծիքները: Թեկնածուն նաև նշել է, որ նախագահական մրցապայքարից դուրս մնալու դեպքում երկրորդ փուլում կսատարի ընդդիմադիր թեկնածուին, որի ծրագիրն իրատեսական կլինի: Այն հարցին, թե ում է նա մրցակից համարում ընտրություններում, Հայրիկյանը նշել է, որ առաջադրված թեկնածուներն ավելի շատ իրենց անցյալը մոռացած ընկերներ են, քան մրցակիցներ:
Նախագահի մեկ այլ թեկնածու Արամ Հարությունյանը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանի նախագահը կարող է ձայների 50% ստանալ, քանի որ, նրա կարծիքով, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կառավարող Հանրապետական կուսակցությանը տրված ոչ բոլոր ձայներ կանցնեն գործող նախագահին, խոչընդոտ կհանդիսանա նաև երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը և արտագաղթը: Նա նաև բոլոր թեկնածուներին կոչ է արել պայմանավորվել և ընտրություններից մի քանի օր առաջ հանել իրենց թեկնածությունները, որպեսզի Սերժ Սարգսյանին չհաջողվի լեգիտիմ կերպով իշխանություն ստանալ: Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ չի կասկածում, որ տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, սակայն ում կսատարի դուրս մնալու դեպքում, դեռ չի որոշել: