Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան կոչ է անում Հայ ազգային կոնգրեսի անդամներին, որում համախմբվել են ՀՀՇ նախկին կառավարող կուսակցության անդամները, նախքան քաղաքապետ Տարոն Մարգարյանին կաշառակերության մեջ մեղադրելու պահանջով Գլխավոր դատախազությանը դիմելը հիշել իրենց կառավարման տարիները:
ՙԹող նրանք հիշեն, թե ով են եղել, ինչպես են իշխանության եկել միմիայն չուստերով, ինչպես փոշիացրել ազգային հարստությունը, փլուզել արդյունաբերությունը, իսկ իրենք հարստացել՚,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, նախկին կառավարող ռեժիմի ներկայացուցիչները փորձում են իրենց աշխատանքային փորձը ՙբարդել՚ ուրիշների, օրինակ` Տարոն Մարգարյանի վրա:
Խոսելով Մարգարյանի հայտարարագրած հսկայական եկամուտների մասին`քաղաքապետի 130 հազար դրամ պետական աշխատավարձի պարագայում, Սահակյանը հավաստիացրել է, որ այդ ամենը վաստակվել է ՙչափազանց շատ աշխատանքի՚ շնորհիվ: ՙԺամանակի ընթացքում Մարգարյանների ընտանիքը, քարը քարի վրա դնելով, որոշակի կարողություն է կուտակել, իսկ հիմա այդտեղից եկամուտներ են գալիս: Մարգարյանը չի հայտարարագրել իր եկամուտների աղբյուրները, քանի որ դրանք գրանցված չեն իր անունով, սակայն նշել է այդ ձեռնարկություններից ստացվող եկամուտները՚,- նշել է Սահակյանը: