Հայաստանը չպետք է անդամակցի որևէ ՙբրգաձև՚ միության` ո’չ ԵՄ-ին, ո’չ ՄՄ-ին, այսօր լրագրողներին հայտարարել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
ՙԿարծում եմ, որ Հայաստանը չպետք է անդամակցի որևէ բրգաձև միության` լինի դա ԵՄ, ՄՄ կամ որևէ այլ միություն: Կառավարման առումով երբ անդամակցում ես որևէ նման միության, կորցնում ես ինքնիշխանության մի մասը: Ձեզ խոստանում են ինչ-որ անորոշ հեռանկարներ, և դուք չգիտեք, թե ինչ կլինի, քանի որ չունեք զարգացման հզոր հայեցակարգ, դիվանագիտական հզոր կորպուս և չեք հանդիսանում այն գործոնը, որի հետ հաշվի են նստում՚,- ասել է Մեսրոպյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Ի պատասխան թղթակցի խնդրանքին` մեկնաբանել Հայաստանի և Վրաստանի զարգացման հեռանկարները երկու երկրների ինտեգրման տարբեր վեկտորների տեսակետից, փորձագետը նշել է, որ համեմատություններն առայժմ վերջինիս օգտին չեն, քանի որ Վրաստանն արդեն տարածքներ է կորցրել: ՙԲացի այդ, Վրաստանի մոտ մեծ գլխացավանք է առաջացել` կապված բիզնեսում և այլ ոլորտներում թուրքական ներկայության մեծացման հետ: Մեր կորուստները միգրացիան է և այն, որ ազատագրված տարածքները չեն բնակեցվում: Այնպես որ` պետք է ոչ թե դեպի Հարավ կամ Հյուսիս նայել, այլ` ամրապնդել սեփական պետությունը՚,- ասել է Մեսրոպյանը: