Իրանի նկատմամբ Բաքվի տարածքային պահանջներն անհիմն են, քանի որ Ադրբեջանն ստեղծվել է 1918 թվականին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյսին:
ՙԱդրբեջանը տարածքային պահանջներ ունի նաև Հայաստանի և այլ երկրների նկատմամբ: Սակայն, որևէ պահանջ ունենալու համար նրանք պետք է նաև հիմնավորումներ ներկայացնեն դրա համար՚,- նշել է դեսպանը: Ըստ որում, դիվանագետը նշել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ:
Մեկնաբանելով իրանա-ադրբեջանական սահմանին անցակետերի փակումը`նա նշել է, որ նման բան հաճախ է տեղի ունենում հարևան երկրների հետ: ՙՍահմանին հաճախ են տեղի ունենում միջադեպեր ու խախտումներ, և վերջին միջադեպն իրանա-ադրբեջանական սահմանին առանձնահատուկ չէ՚,- նշել է նա: Իսկ Ադրբեջանում իրանցի լրտեսների առկայության վերաբերյալ Բաքվի մեղադրանքների առնչությամբ դեսպանը հայտարարել է, որ ԻԻՀ-ն լրտեսներ չի ուղարկում որևէ երկիր, և այդ մեղադրանքները մինչ այժմ ոչ մի կերպ ապացուցված չեն: