Ազգային Հիփոթեքային Ընկերության միջնաժամկետ պարտատոմսերը
(10-րդ տրանշ) դրամական միջոցների շահավետ և արդյունավետ ներդրումներ են: ԱրմԻնֆո գործակալության
թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ԱՀԸ կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերը
հանդիսացող` Արմսվիսբանկի Գործադիր տնօրենի տեղակալ և
ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն
Տուրյանը: Նա հիշեցրել է, որ ԱՀԿ կորպորատիվ միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը
2.5 անգամ գերազանցել է առաջարկը և կազմել` մոտ 2.5 մլրդ.դրամ. «և դա այն դեպքում,
երբ տեղաբաշխումը երաշխավորված էր»:
Նշենք, որ երաշխավորված
տեղաբաշխման շրջանակներում անդերրայթերը կամ ամբողջովին է գնում թողարկումը ու
հետագայում, արդեն իր անունից, կազմակերպում դրա վաճառքը, կամ էլ պարտավորվում է
գնել թողարկման այն մասը, որը մինչև սահմանված ժամկետը չի տեղաբաշխվել պոտենցիալ
ներդրողների շրջանում: Տուրյանը նշել է, որ բանկը որպես մարկետ-մեյքեր ձեռք է
բերել ընդամենը 50 մլն. դրամ:
Անդրադառնալով միջին
շուկայական միտումներին, բանկի ներդրումային դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ
արժեթղթերի շուկայում դիտվում է պետպարտատոմսերի տոկոսադրույքների նվազում, ինչը
բարձրացնում է կորպորատիվ պարտատոմսերի գրավչությունը: Ըստ Տուրյանի
գնահատակաների, 2014 թվականի ավարտին, երբ վերջնականապես կլուծվի Հայաստանում
կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը, պարտատոմսերի պոտենցիալ թողարկողների
շրջանում ակտիվությունը կաճի:
Հիշեցնենք, որ ԱՀԸ միջնաժամկետ
կորպորատիվ պարտատոմսերի 10-րդ տրանշի տեղաբաշխումը կայացել է այս տարվա ապրիլի
23-ին, ֆոնդային բորսայում, փակ բաժանորդագրության միջոցով: Դա ընկերության
պարտատոմսերի առաջին միջնաժամկետ (3 տարի մարման ժամկետով) թողարկումն էր, որի
ծավալը կազմեց 1 մլրդ. դրամ, իսկ եկամտաբերությունը` տարեկան 10%, ընդ որում,
արժեկտրոնային եկամտի կիսամյակային վճարումներով: Ավելի վաղ ԱՀԸ տեղաբաշխել էր
միայն մինչև 1 տարի շրջանառությամբ կարճաժամկետ պարտատոմսեր:
Հիշեցնենք, որ 2014 թվականի
մայիսի 19-ին NASDAQOMX Armenia ֆոնդային բորսան Արմսվիսբանկին շնորհեց ԱՀԸ
միջնաժամկետ կորպորատիվ պարտատոմսերի (10-րդ տրանշի) մարկետ-մեյքերի կարգավիճակ:
Բանկը NASDAQOMX Armenia ֆոնդային բորսային անդամ է հանդիսանում 2007 թվականի սեպտեմբերի
14-ից: Կորպորատիվ պարտատոմսերի մարկետ-մեյքերի կարգավիճակում բանկը կաջակցի
երկկողմ շրջանառությանը, ապահովելով պարտատոմսերի իրացվելիությունը երկրորդային
շուկայում: Արմսվիսբանկը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ» ընկերության
մարկետմեյքերը: Բանկը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն` 2004թ.
հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության թիվ 84 արտոնագիրը`
2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետերերն են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ
Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր, 100% սեփականատեր և Գործադիր տնօրեն
Վարդան Սիրմաքեսը և «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20%
մասաբաժիններով:
Նշենք,
որ Ազգային Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է դուրս եկել
2011-ի նոյեմբերից, 1 մլրդ.դրամ ծավալով էմիսիայով և 9.6% եկամտաբերությունով:
Ներկայումս բորսայում շրջանառվում են ընկերության միանգամից երեք տրանշերի
կորպորատիվ պարտատոմսերը: Հարկ է նշել, որ Հայաստանում այլնտրանքային ֆինանսական
գործիքների գծով տոկոսադրույքերը դեռևս գրավում են կորպորատիվ պարտքի
թողարկողներին: 2014-ի մայիսի 1-ի դրությամբ դրամային կարճաժամկետ ավանդների միջին
տոկոսադրույքերը կազմել են 9.1%, պետական կարճաժամկետ պարտատոմսերինը` 7.9%, իսկ
պետական երկարաժամկետ պարտատոմսերինը` 9.7%:
Ազգային Հիփոթեքային Ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Ընկերության
կողմից իրականացված վերաֆինանսովորման ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 23-ի
դրությամբ կազմել է 36 մլրդ.դրամ (4482 վարկ): 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ
ընկերության ակտիվները կազմել են 31.6 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 10.8 մլրդ.
դրամ, չբաշխված շահույթը` 1.6 մլրդ.դրամ: