Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին Տիգրան Սարգսյանը փորձեց խթանել շինարարությունը, բայց
ապարդյուն: Նման կարծիք է արտահայտել ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր
պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով գործող
վարչապետի այն կարծիքին, որ մինչճգնաժամային փուլում Հայաստանի տնտեսությունը
թույլ էր դիվերսիֆիկացված և բացառապես աճում էր շինարարական հատվածի հաշվին:
Միևնույն ժամանակ
Բագրատյանը կարծիք է հայտնել, որ 2001-2007 թվականներին շինարարության հատվածի
ծավալները 110 մլրդ.դրամից աճեցին մինչև 671 մլրդ.դրամ, ընդ որում, պետության
կողմից ցուցաբերած ընդամենը` 9-10% աջակցությամբ, իսկ բանկերն ապահովեցին առյուծի
բաժինը` 80%-ը: Եվ հատկապես այդ տարիներին էր երկրի գլխավոր բանկիրը հանդիսանում
Տիգրան Սարգսյանը:
«Վարչապետի
դատողությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ոչ ֆինանսական, և ոչ էլ` հատկապես
շինարարական փուչիկի հետ: Հայաստանում նման բան չի եղել: Մեր պարագայում ամեն ինչ
շատ պարզ է: Միգրացիան աճել է 5 անգամ, ընդ որում, փոփոխվելով որակապես: Օրինակ,
եթե 2001-207 թվականներին Հայաստանը տարեկան միջին հաշվով լքում էր 15-20
հազ.մարդ, ապա 2008-2011 թվականներին միջին տարեկան միգրացիան կազմեց 63 հազ.մարդ:
Մասնավորապես, արդեն մարդիկ Հայաստանից հեռանում են ընդմիշտ, վաճառելով իրենց
տները: Արդյունքում, անշարժ գույքի շուկայի վրա առաջացավ ռեզոնանսային ճնշում,
որտեղ բարձր առաջարկի պայմաններում գրեթե
ամբողջովին բացակայում է պահանջարկը: Բնակչության արտահոսքի հետ մեկտեղ կրճատվում
է նաև անշարժ գույք գնողների թիվը, և սա` առաջարկվող բնակարանների քանակի
ռեգուլյար աճի պայմաններում»,-նշել է Հ.Բագրատյանը:
Կենսաթոշակային
բարեփոխումների առումով Հ.Բագրատյանը, չհամաձայնվելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ
Քոչարյանի կարծիքին, նշել է, որ կենսաթոշակային երկու մոդելների (պարտադիր
կուտակային և սերունդների համերաշխության մոդելներ) հակասություններ չկան,
պարզապես անհրաժեշտ է դրանք ճիշտ համադրել:
«Տնտեսագիտության տեսությունը և կառավարման պրակտիկան վաղուց լուծել են այդ թվացող հակասությունը։ Ներկայումս սերունդների համերաշխության և պարտադիր կուտակային համակարգերը համարվում են բացարձակապես կոհերենտ։ Լուծումը հստակ է և ես ու ինձ հետ այդ խնդրի վրա աշխատող գիտնականների միջազգային խումբը փորձաքննության է ենթարկել հայկական կուտակային համակարգը և եկել այն եզրակացության, որ այս ամսին ներդրվող տարբերակը պարզապես աղետ է։ Միևնույն ժամանակ կան մի քանի քայլեր, որոնք արմատապես շտկում են համակարգը և այն շատ սահուն ձևով հարմոնացնում գործող «սերունդների համերաշխության» սկսզբունքով աշխատող համակարգի հետ։ Դրանց մասին ես արտահայտվել եմ ԱԺ-ում։ Բանի տեղ չեն դրել։ Մի վերջին անգամ հնչեցնում եմ առաջարկներս ՀՀ ներկայիս նախագահի համար։ Վաղն այլևս ուշ է լինելու։ Եվ այսպես, շտապ կարգով ներկայումս ուժի մեջ մտցրած համակարգում պետք է կատարել հետևյալ սկսզբունքային փոփոխությունները. պարտադիր կուտակայինին կատարված վճարումների դիմաց տարեվերջին գործավորը որոշակի հարկային արտոնություն է ստանում (կվերանա պարտադիրի անհրաժեշտությունը), գործավորի հետ միասին վճարում է գործատուն (պետությունը վճարում է միայն այն ժամանակ, երբ ինքը գործատուն է) և նույնպես որոշակի հարկային արտոնություն է ստանում, յուրաքանչյուր 10 տարին մեկ գործավորն ազատ է տնօրինելու կուտակված գումարները (ներկայիս ձևը՝ 45 տարվա դեպոզիտը աննախադեպ շռայլություն է համաշխարհային պատմության մեջ. նման ժամկետայնության խնայողության ինստիտուտները ֆանտաստիկայի ոլորտից են), բացառել այդ միջոցների դուրս բերումը երկրից ակտիվների դիվերսիֆիկացիայի անվան տակ. հայոց պետականությունից դենը այլ բան չկա և ուրեմն պետք է պետության անունից նվազագույն (տոկոսներով) երաշխիքներ տալ մեր երկրի արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքներում ներդրումների դիմաց, իջեցնել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը մինչև 200 մլն դրա (500-ից)»,-նշել է Բագրատյանը:
Այսպիսով, Հ.Բագրատյանը վերլուծել է ՀՀ երկրորդ
նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի բանավեճը, որը
մեկնարկել էր անցյալ տարեվերջին:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը
2rd.am-ի հետ հարցազրույցում խիստ քննադատության էր ենթարկել ներկայիս
կառավարության գործունեությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ անելով աշխատել,
այլ ոչ թե մեղադրել իր նախորդներին: