5-6 կազմակերպություն հետաքրքրված է Հայաստանում արևային էլեկտրակայանների կառուցման գործում ներդրումների հնարավորություններով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ղեկավար Թամարա Բաբայանը:
Նրա խոսքով, առայժմ այդ ընկերությունների հետ տեղեկատվության փոխանակում է իրականացվում: Բաբայանը նշել է, որ այդ կազմակերպությունները հետաքրքրվում են, մասնավորապես, երկրի կլիմայական պայմաններով, հարկային արտոնություններով, օրենսդրությամբ, փնտրում կայանների կառուցման համար ամենանպաստավոր մարզերը:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե ինչու մինչ այժմ որևէ ներդրող Հայաստանում արևային էլեկտրակայանի կառուցման գործում ներդրում չի կատարել` Բաբայանը նշել է, որ ներդրումներին խոչընդոտել է էլեկտրաէներգիայի արտադրության բարձր ինքնարժեքը և, բացի այդ, արևային էներգիայի սակագինը սահմանված չէ: Սակայն, վերջին ժամանակներս արևային էներգիայի արտադրության տեխնոլոգիաները կատարելագործվում են և ավելի մատչելի դառնում: Բացի այդ, ներդրողների համար նախատեսվում է ծրագրային մոտեցում կիրառել: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր առանձին լուրջ ներդրողի հետ պետք է բանակցություններ տարվեն, և ամեն մի բիզնես ծրագրի առնչությամբ կարգավորողը կարող է իր առանձին սակագինը սահմանել:
Նա նշել է, որ այսօր արևային էլեկտրակայանի կառուցման համար պայմանները նույնիսկ ավելի նպաստավոր են, քան փոքր ՀԷԿ-երի համար: Կան թույլտվության ավելի երկարատև ժամկետներ, իսկ մինչև 150 Կվտ/ժ արտադրողականությամբ կայանների կառուցման համար թույլտվություն չի պահանջվում: Բաբայանը նշել է, որ ՀԷԿ-երի հնարավորությունները սահմանափակված են երկրի ջրային պաշարներով: Լավագույն դեպքում հանրապետությունում կարելի է կառուցել ևս 60-80 փոքր ՀԷԿ, ասել է նա:
Միաժամանակ արևային էներգիան անսպառ է: Արևային կայանները մեկնարկային մեծ ներդրումներ են պահանջում, սակայն երկրորդ փուլում այդ վերականգնվող էներգիայի ինքնարժեքն ավելի ու ավելի էժան է դառնում: Բացի այդ, արևային էլեկտրաէներգիան կկարողանա փոքր-ինչ նվազեցնել էներգակիրների ներմուծումից կախվածությունը, նշել է մասնագետը: Նա գտնում է, որ Հայաստանի կառավարությունը պետոք է աջակցի արևային էներգիայի զարգացման ծրագրերին և ամեն կերպ խթանի դրանք:
Նշենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանի կառավարության կողմից և իրականացնում է վերականգնվող էներգետիկային աջակցման ծրագրեր: