Սայաթ-Նովա փողոցի շենքերի բնակիչները պառկել են ասֆալտին` ծանր տեխնիկայի մուտքն իրենց բակ խոչընդոտելու նպատակով: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը դեպքի վայրից, այդպիսով նրանք փորձում են խոչընդոտել վեցհրականի հյուրանոցի կառուցմանը բակում` նախկին կաթսայատան տեղում: Սակայն կառուցապատողը փորձում է բնակիչների վրա ճնշում գործադրելով մտնել և քանդել բակի կաթսայատունը՝ բարձրահարկ շենքի շինարարություն սկսելու համար։ Ընդ որում կառուցապատողին օգնության են հասել ոստիկանները, ինչի արդյունքում բախում է սկսվել բնակիչների և ոստիկանների միջև:
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի մի քանի հարյուր բնակիչներ քաղաքապետարանից պահանջում են դադարեցնել Սայաթ-Նովա-Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցների ներսի հատվածում շինարարությունը: Քաղաքացիների կարծիքով, այդ բակում շինարարությունն անընդունելի է, քանի որ այն հակասում է քաղաքաշինական նորմերին, ճարտարապետական կանոններին, սեյսմիկ նորմերին, հարակից շենքերի բնակիչներին զրկում է արևից, հակասում անվտանգության կանոներին, քանի որ հրդեհի դեպքում անհնար կլինի օգնության հասնել մարդկանց, վտանգի է ենթարկում բակում խաղացող երեխաների անվտանգությունը շինարարության ընթացքում և այլն: Առանց բնակիչներին իրազեկելու և նրանց կարծիքը հաշվի առնելու` սեփականաշնորհվել է փոքրիկ կաթսայատունը, որը երկար տարիներ սպասարկել է շենքերը և վերջիններիս ենթակառուցվածքի անբաժանելի մասն է կազմում: Ավելին, նորահայտ սեփականատիրոջը վեցհարկանի բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է տրամադրվել: