Կիպրոսում ընկերություն կարելի է գրանցել նաև մեռածի անունով: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուբայանի հարցին:
Ընդդիմադիրը հետաքրքրվել է, թե ներկայումս որ փուլում է գտնվում օֆշորային սկանդալի լուծումը, որտեղ նշվում է նաև վարչապետի անունը, և ինչով ավարտվեց ՙայդ սկանդալից մաքրվելու Սարգսյանի փորձերը՚:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ինքն ամենաշատն է հետաքրքրված այդ սկանդալի հանգամանքների բացահայտման մեջ: Նա նաև հայտարարել է, որ ինքը ոչ մեկի և երբեք օֆշորային գոտում ընկերություն բացելու իրավասություններ չի տվել, և լինելով վարչապետ, ինքը երբեք չի եղել Կիպրոսում, հետևաբար, ինքը չէր կարող այնտեղ բացել ընկերություն:
ՙԿիպրոսում ընկերություն կարել է գրանցել ցանկացած անձի, անգամ մեռածի անունով, և վերջին ժամանակներս մենք հաճախ ենք համոզվում դրանում՚,-ասել է նա:
Վարչապետը գտնում է, որ այս սկանդալն ուռցնելու փորձերը պայմանավորված են գործող վարչապետին վարկաբեկելու ձգտումներով: