Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային-զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության առնչությամբ, որի ծնողներն այսօր փորձել են որդու դիակը Վերին Գետաշենից բերել Երևան և դնել կառավարության շենքի առջև՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից բացատրություն պահանջելով բանակում տիրող իրավիճակի առնչությամբ:
Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և, նույնիսկ, փորձել են ներխուժել կառավարության շենք, սակայն իրավապահները կասեցրել են այդ փորձերը, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտոց ցուցարարների և ոստիկանների միջև: Կառավարության շենքը պահպանում է ուժեղացված պարեկային ծառայությունը:
Ակցիայի մասնակիցներին մոտեցել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Խաղաղ ժամանակ բանակում զոհված զինվորների մայրերը պահանջում են հանդիպում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարգդես Գասպարին վազում է կառավարության շենքի շուրջը՝ բղավելով. ՙՍերժիկ, մարդասպան՚:
Ավելացնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ այսօր առվոտյան նախարար Սեյրան Օհանյանի մոտ խորհրդակցությունից հետո պաշտոնանկ են արվել մի շարք բարձրաստիճան զինվորականներ: Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին, ժամը 15:30-ի մոտ: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը իրեն ամրագրված ՙԱ-Կա-Էմ՚ ինքնաձիգից կրակել է, ինչի արդյունքում Լյուքս Ստեփանյանը մահացու վիրավորում է ստացել ծոծրակի շրջանում, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի վիրավորում է ստացել և տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Ավելի վաղ զոհվածի հայրը, Գեղարքունիքի մարզի Վերին Գետշաեն գյուղի բնակիչ Իշխան Ստեփանյանը հայտարարել էր, թե մտադիր է որդու դիակը բերել Երևան և բողոքի ակցիա անցկացնել կառվարության շենքի առջև: Սակայն Սևան-Երևան մայրուղում զոհվածի դիակը փոխադրող թափորը կանգնեցրել են ոստիկանները: Զոհվածի հարազատների և ոստիկանների միջև տեղի է ունեցեկ ծեծկռտոց, ինչի արդյունքում մահվան թափորի մասնակիցները ջարդել են ոստիկանական մեքենա: Թափորին ընդառաջ են գնացել ռազմական ոստիկնության ղեկավար Սամվել Ղուկասյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զոհվածի ծնողներին խոստացել է, որ կանցկացվի ողբերգության մանրակրկիտ հետաքննություն, ինչի արդյունքում բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Նա նաև խոստացել է , որ գործի քննությունը կլինի հրապարակային: Այսօր իսկ որոշում է կայացվել միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել Դավիթ Խաչատրյանին և միջնորգադիր ներկայացնել դատարան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո զոհված զինվորի հարազատները համաձայնել են վերադառնալ տուն: